Հավաստիացնում է Երեւանի փոխքաղաքապետը
Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկ քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին: Նա թվարկեց այն փողոցներն ու տրանսպորտային հանգույցները, որոնց շինարարությունը սկսվել կամ վերսկսվել է այս տարի, շարունակվում է ամբողջ թափով եւ կավարտվի օգոստոս-սեպտեմբերին: Դրանք են Խանջյան-Տիգրան Մեծ, Նալբանդյան-Իսահակյան, Հերացի-Կորյուն-Չարենց, Հերացի-Խորենացի եւ մի քանի այլ փողոցների տրանսպորտային հանգույցները:
Կարեն Դավթյանը երեկ հայտնեց նաեւ, որ իրացման գոտի ճանաչված 56 տարածքներից 8-ում իրացումն ավարտվել է, մնացածում աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Նա տեղեկացրեց, որ բոլոր այդ տարածքների բնակիչներին առաջարկվելու են բնակարաններ տեղում կառուցվող նոր շենքերում:
Մեկ այլ կարեւորագույն խնդրիՙ 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցն այս տարի կլուծվի: Փոխքաղաքապետի տեղեկացմամբ, կառուցվում են 2 նոր շենքեր 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող մոտ 100 ընտանիքների համար եւ մինչեւ հոկտեմբեր այդ շենքերն արդեն պատրաստված կլինեն:
Ա. Մ.