Մասնակիցներից ակնկալվում են առավել բարձր ստեղծագործական դրսեւորումներ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի հայտարարվել է 9 անվանակարգումՙ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո եւ հեռուստատեսություն, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման, դպրոցականների եւ մանուկների համար գրված ստեղծագործությունների, սոցիալ-քաղաքական երգիծանքի համար, քանդակագործություն, թատրոն: Մայիսի 8-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը նշված անվանակարգերին համապատասխանող եւ միայն 2007 թվականին ստեղծված գործերի ընդունման ժամկետն է: Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարելով մրցանակաբաշխության սկիզբըՙ ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը տեղեկացրեց, որ 90-ականներից անցկացվող մրցանակաբաշխությունը վերջին 5 տարիներին առավել կազմակերպված բնույթ է կրում եւ մինչ օրս ունեցել է 1000 մասնակից:
Մասնակիցների առավելագույն թիվը գրանցվել է գրականություն, նվազագույնըՙ թատրոն անվանակարգում: Բանախոսի հավաստմամբ, մասնակցության չափը ամենեւին էլ որակի արտացոլք չէ, սակայն խիստ կարեւոր է, քանի որ ՀԹՄՄ նպատակն է նաեւ հասարակության ուշադրության սեւեռումը ներկայացված գործերի լինելիությանն ու երկրի մշակութային ընթացքին: Իսկ ներկայացված գործերից մրցանակի արժանիներն ընտրում է յուրաքանչյուր անվանակարգի համար կազմված մասնագիտական ժյուրին: Արժանի գործերն ընտրելուն մասնակցություն չեն ունենում ՀԹՄՄ կենտրոնական վարչության անդամները: Նրանք նաեւ իրավունք չունեն գործեր ներկայացնել մրցանակաբաշխությանը: Այս կարգի նպատակը անաչառություն ապահովելն է: ՀԹՄՄ հավատարիմ է մնում միայն մրցանակակիրների անունները հրապարակելու իր սկզբունքին: Նրանք նախորդ տարի 8-ն էինՙ Լյուդվիգ Դուրյան, Ջիվան Գասպարյան, Հակոբ Ավետիքյան, Արտեմ Սարգսյան, Վարուժան Վարդանյան, Գետիկ Բաղդասարյան, Ռուբեն Հախվերդյան:
Ինչպես միշտՙ այս տարի էլ ՀԹՄՄ մասնակիցներից ակնկալում է առավել բարձր ստեղծագործական դրսեւորումներ: Նախորդ տարի ժյուրին այդպես էլ չգտավ մրցանակի արժանի գործ կինոյի անվանակարգում, եւ այս տարի այն չկա: Պատճառը, բացի վերը ասվածից, նաեւ այլ մրցանակաբաշխություններում ու փառատոներում առկա անվանակարգերը չկրկնելու ՀԹՄՄ գործելակերպն է: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնն արդեն իսկ կայացած է եւ լայն հնարավորություն է ընձեռում կինոգործիչներինՙ ներկայանալու, եւ Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, կարիք չկա կրկնելու նույնըՙ հատկապես որ մի երկու տարի առաջ մրցանակաբաշխության 1000-ական դոլար դրամական պարգեւը հպարտորեն նշելու հանգամանքն արդեն իրական չէ: ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը երեկ հավաստեց, որ մինչեւ մրցանակաբաշխություն հույս ունեն էականորեն փոխելու դրամական պարգեւի չափը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ