«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

Արվեստի լեզվովՙ լեզվի մասին

Ավելի քան 10 տարի արվեստագետներ Նարինե Զոլյանը, Հարություն Զուլումյանն ու երաժիշտ Վահան Արծրունին աշխատում են «Չսերտած դասեր» նախագծի վրա: Նախկին Խորհրդային Միության տարածքում արժեքների լայնածավալ անկումը Հայաստանում ուղեկցվեց առանձնահատուկ դաժան ճգնաժամով: Նախագիծն անդրադարձ է երկրի զարգացումներին ու իրավիճակներինՙ արվեստագետներին ստեղծագործական մոտեցումներով դրսեւորված: Պատկերային շարքի հիմքում լեզվի խնդիրն էՙ ներկայացված քանդակի, գեղանկարի եւ երաժշտության միջոցով:

Երեկ Արդի արվեստի թանգարանում բացվեց «Չսերտած դասեր» խորագրով ցուցահանդեսը: Հեղինակները կոչ են անում վերարժեքավորել, բացահայտել լեզուն, որը մեր արժեքների հիմնական կրողն է: Քննադատական հայացք նետելով մեր այսօրվա իրականությանըՙ արվեստագետներն իրենց դիրքորոշումն արտահայտում են այլաբանորեն:

«Ցուցահանդեսը տարեգրական բնույթ ունի եւ շարունակական է: Ներկայացված է լեզվի, պատմության եւ վիրտուալ հարաբերությունների թեման: Մեր խնդիրն է անդրադառնալ այսօրվա արժեքներին», ասաց Հարություն Զուլումյանը: «Ձայնային ձեւավորումը կցված է ընդհանուր գաղափարին եւ աշխատել եմ կոնտեքստից դուրս չգալ: Զգուշացում է, հետազոտություն, թե ինչպես կարող է խորհրդանիշըՙ կորցնելով իր բովանդակությունը, զրկվել նաեւ իրեն բնորոշ հատկանիշներից: Այս ցուցահանդեսը համատարած արժեքային կորստի արտահայտում է եւ որպես տագնապի զգուցաշում, լուծված է երաժշտական գիծը: Ինչն ահազանգում է տարբեր ազգերի երաժշտական նվագարաններում», ասաց Վահան Արծրունին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4