«Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Այն, որ ես ներկայացնում եմ Վրաստանն այս հրաշալի մրցույթում, արդեն հաղթանակ է: Կարծում եմ, որ ես էլ, Սիրուշոն էլ արդեն հաղթել ենք եւ, հույս ունեմ, որ արժանապատվորեն կներկայացնենք մեր երկրները: Համոզված եմ, որ Բելգրադումՙ մրցույթի ժամանակ էլ միմյանց համար կանհանգստանանք ու կհուզվենք», երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոտեսիլ-2008» երաժշտական մրցույթ-փառատոնին Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան: Երգչուհին պրոմուտուրերի ընթացքում հասցրել է լինել Մալթայում, Կիպրոսում, Լատվիայում եւ Էստոնիայում: Իսկ Հայաստանը ներկայացնող Սիրուշոն վերջին յոթ օրվա ընթացքում համերգներով մեկնել է Հոլանդիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ փորձել հնարավորինս ներկայացնել հայկական երաժշտությունն ու արվեստը: Հրաչ Քեշիշյանը նկատում է, որ Բրյուսելում տեղի ունեցած համերգից հետո հանդիսատեսը փողոցներում Սիրուշոյի «Քելե-քելեն» էր երգում: Ինչն, ըստ ռեժիսորի, շատ լավ արդյունք է:
Խոսելով մրցակիցների մասին, երգչուհիները նշում են, որ արվեստը մրցակցություն չի ճանաչում, եւ իրենցից յուրաքանչյուրի նպատակն է եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել իրենց հոգու երաժշտությունը: Սիրուշոյի հետ որպես բեք վոկալ Բելգրադ կմեկնեն նաեւ երգիչներ Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը, իսկ պատվիրակության կազմում կլինեն նախորդ եվրոտեսիլների մասնակից Անդրեն եւ Հայկոն: Բեմադրության հեղինակը Սերգեյ Բանդեյն է, իսկ հագուստները մոդելավորել է Արեւիկ Սիմոնյանը: Սիրուշոն հավաստիացրեց, որ թե՛ բեմադրությունը, թե՛ պարը շատ գեղեցիկ են ստացվել եւ, համոզված է, որ հայ հանդիսատեսը կհավանի:
Տարածված ասեկոսեների մասին հարցին, թե սփյուռքը հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը մտադիր է բոյկոտել ու չքվեարկել Սիրուշոյի օգտին, երգչուհին պատասխանեց, թե դրանք ընդամենը ենթադրություններ են եւ սփյուռքահայերից արժանացել է միայն ջերմ ընդունելության: «Այս վերջին շրջանում, երբ գնում եմ արտասահման, իմ կողքին միշտ հավաքվում է սփյուռքահայերի հսկայական բանակ: Շատ եմ գնահատում, երբ ասում են, թե կանգնած են իմ կողքին ու յուրաքանչյուր հարցում ինձ կաջակցեն: Դա արդեն հաղթանակ է եւ ինձ հսկայական ուժ է տալիս»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ