«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


«ԶԱՐԹՕՆՔԸ» ՍԿՍԵՑ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից լավ լուր ստացվեցՙ շուրջ 16 ամիս տեւած անհասկանալի դադարից հետո մայիսի 1-ին վերսկսել է լույս տեսնել Ռամկավար ազատական կուսակցության 71-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքը»: 1937-ի սեպտեմբերի 26-ին մեծ բանաստեղծ եւ ազգային-կուսակցական գործիչ Վահան Թեքեյանի խմբագրապետությամբ լույս տեսած թերթը հետագա տարիների խմբագիրներիՙ Հովհաննես Պողոսյանի, Գերսամ Ահարոնյանի եւ հաջորդների ղեկավարությամբ ուղենշային դեր է կատարել սփյուռքահայ մամուլի պատմության մեջ, մասնավորապես Լիբանանի ու Սիրիայի հայագաղութների կյանքում: Հետեւաբար նրա ցավալիՙ 16-ամսյա լռությունը խոր տխրություն եւ անգամ զայրույթ էր առաջացրել ընթերցողական շրջանակներում:

Թերթի վերոհիշյալ համարում Լիբանանի խորհրդարանի ՌԱԿ անդամ Հակոբ Գասարճյանի հետ նորանշանակ խմբագիր Հրայր Կարապետյանի անցկացրած հարցազրույցից տեղեկանում ենք, որ 16 էջանոց «Զարթօնքը» առժամանակ հրատարակվելու է երկշաբաթյա դրությամբ եւ որոշ ժամանակ անց փորձ է արվելու վերադառնալու օրաթերթային ռեժիմի: Տեղեկանում ենք նաեւ, որ թերթի սեփականատեր-արտոնատեր «Զարթօնք ընկերակցության» փոխարեն ստեղծվել է «Շիրակ հրատարակչական ընկերակցությունը» եւ Թեքեյան մշակութային միությունն ու Ռամկավար ազատական կուսակցությունը համասեփականատերերն են թերթիՙ որպես իրավաբանական անձինք: Հավանաբար հետագայում առիթ ունենանք անդրադառնալու այսՙ քիչ մանվածապատ խնդրին, ինչպես նաեւ նախկին խմբագիր Պարույր Աղբաշյանի վերաբերյալ թերթի այս համարում լույս տեսած վարչական տգեղ «Ազդին», բայց մինչ այդ մեր գոհունակությունն արտահայտենք հայ մամուլի հնագույն անդամներից մեկիՙ «Զարթօնքի» վերսկսման առթիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4