«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2008-05-02 | #84, 2008-05-03 | #85, 2008-05-06


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Սարգսյանն աշխարհի գավաթի, Դանիելյանն ու Մկրտչյանըՙ աշխարհի առաջնության մասնակիցներ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում առաջնության պարգեւներն ու աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերն էին վիճարկում 337 շախմատիստներ: Կանանց առաջնության մեդալների եւ աշխարհի առաջնության 14 ուղեգրերի համար մրցավեճի էին բռնվել 159 շախմատիստուհիներ:

Հայ շախմատիստներից մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն էր պահպանում Սերգեյ Մովսիսյանը: Ավարտական տուրում Սերգեյը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Յուրի Կրիվոռուչկոյի հետ եւ վաստակեց 8 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ Սերգեյ Վոլկովը, Պավել Տրեգուբովը, Էրվին Լ՚Ամին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Բորիս Գրաչովը, Վլադիմիր Բակլանը, Տոմի Նյուբակը եւ Յուրի Կրիվոռուչկոն: Նրանց կես միավորով գերազանցեց Սերգեյ Տիվյակովը, որը հաղթելով Էմիլ Սուտովսկուն, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ վերը նշված շախմատիստները լրացուցիչ մրցախաղերում որոշեցին արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներին:

Լրացուցիչ մրցախաղերում իրեն հիանալի դրսեւորեց Սերգեյ Մովսիսյանը: Հաջորդաբար հաղթելով Բորիս Գրաչովին (2-0), Վլադիմիր Բակլանին (1,5-0,5) եւ Սերգեյ Վոլկովին (2-0), Սերգեյ Մովսիսյանը դարձավ արծաթե մրցանակակիր, միաժամանակ իրավունք ստացավ մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սերգեյ Վոլկովին:

Հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր: Ավարտական տուրում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Սարգսյանը հաղթեց Իգոր Կուռնոսովին: Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրի համար պայքարում վիճակահանությամբ հայ շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց Գաբրիելին, որը հաղթելով 2-0 հաշվով, նվաճեց ուղեգիրը: Լրացուցիչ գործակիցներով Հակոբյանը զբաղեցրեց 19-րդ տեղը, Սարգսյանըՙ 28-րդ: 7 միավորով Սամվել Տեր-Սահակյանը 42-րդն է: Վերջին տուրում նա հաղթեց Մարտինես Լոպեսին: Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Միստայի հետ, 6,5 միավորով գրավեց 67-րդ տեղը: 6-ական միավորով մրցաշարն ավարտեցին Սերգեյ Գրիգորյանցը (93-րդ տեղ), Տիգրան Քոթանջյանը (95-րդ), Աշոտ Անաստասյանը (124-րդ ), Տիգրան Պետրոսյանը (127-րդ) եւ Արտաշես Մինասյանը (142-րդ): Դմիտրի Հարությունյանը 2,5 միավորով հետնապահների թվում էր (316-րդ տեղ):

Կանանց մրցաշարում 8,5 միավորով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ ուկրաինացի շախմատիստուհի Կատերինա Լահնոն: Հայ շախմատիստուհիներից բոլորից հաջողը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր: 11-րդ տուրում հաղթելով Ջովանկա Հոուսկային, Լիլիթը Աննա Ուշենինայի, Նատալյա Ժուկովայի, Էլմիրա Սկրիպչենկոյի, Վիկտորյա Չմիլիթեի, Ելենա Դեմբոյի հետ վաստակեց 8-ական միավոր եւ իրավունք ստացավ լրացուցիչ մրցախաղերում վիճարկելու արծաթե եւ բրոնզե մեդալները: Ցավոք, Մկրտչյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առաջին փուլում 2-1 հաշվով հաղթելով Էլմիրա Սկրիպչենկոյին, Լիլիթը հաջորդ մրցախաղում 0,5-1,5 հաշվով զիջեց Աննա Ուշենինային եւ դուրս մնաց հետագա պայքարից: Արծաթե մրցանակակիր դաձավ Վիկտորյա Չմիլիթեն, բրոնզե մեդալը ստացավ Աննա Ուշենինան: Իսկ Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ իրավունք ստացավ մասնակցելու կանանց աշխարհի առաջնությանը: Այդ մրցաշարի ուղեգիր նվաճեց նաեւ Էլինա Դանիելյանըՙ լրացուցիչ մրցախաղում հաղթելով Մոնիկա Սոչկոյին (1,5-0,5): Հետաքրքրական է, որ մինչ այդ ավարտական տուրում Դանիելյանը Սոչկոյի հետ պարտիան ավարտել էր ոչ-ոքի եւ 7,5 միավորով զբաղեցրել 13-րդ տեղը:

6-ական միավորով մրցաշարն ավարտեցին Նելլի Աղինյանը (62-րդ տեղ), Լիլիթ Գալոյանը (63-րդ) եւ Սիրանուշ Անդրեասյանը (69-րդ): Նրանք ավարտական տուրում հաշտություն կնքեցին համապատասխանաբար Դագնե Ցիուկսիթեի, Իրինա Զակուրդեւայի եւ Բայրա Կովանովայի հետ: Աննա Հայրապետյանը պարտվեց Մառա Ջելիցային ու 4 միավորով զբաղեցրեց 135-րդ հորիզոնականը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4