Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ HSBC բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները: Երկուստեք նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացումը, այդ թվում` զբոսաշրջության ծավալների ավելացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում HSBC բանկի գործունեության ընդլայնման հեռանկարին:
Հայաստանից Նյու Յորքՙ խաչքար
Հայաստանի պատմության պետական թանգարանը Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանին երկարատեւ ցուցադրության համար տրամադրել է 909 կգ կշռող մի խաչքար, որ ներկայումս Միացյալ Նահանգներում թանգարանային ցուցադրության ներկայացված միակ խաչքարն է: Լոռու մարզում ստեղծված խաչքարի տեղադրումը կազմակերպել եւ վերահսկել է Հելեն Էվանսը, իսկ փոխադրման եւ տեղադրման ծախսերը հոգալու գործում զորակցել է «Հակոբ Գեւորգյան» հիմնադրամը: Հ. Էվանսը «Մետրոպոլիտեն» թանգարանից Ջեկ Սուլթանյան կրտսերի հետ այցելել է Հայաստան` կրթության նախարարության եւ պատմության թանգարանի վերահսկողությամբ եւ ՀՀ նախագահի գրասենյակի հետ խորհրդակցությամբ խաչքարն ընտրելու համար:
Ազգայնականների օր Թուրքիայում
Մայիսի 3-ին ողջ աշխարհը նշեց մամուլի ազատության, իսկ թուրք ազգայնականներըՙ «ազգայնականների» օրը: Շատ հանդիսավոր օրվա առթիվ պաշտոնական հայտարարություն է արել «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա հիշեցրել է, որ մայիսի 3-ը Թուրքիայում «ազգայնականների» օր է հռչակվել դեռեւս 1944-ին, թեեւ հռչակման օրից 64 տարի է անցել, սակայն թուրքական ազգայնականությունը պահպանել է իր առանձնահատուկ դերն ու տեղը երկրի քաղաքական կյանքում: Բահչելին ընդգծել է, որ թուրք ազգայնականներն են տեր կանգնում թուրքական ինքնությանը, ինչի հետեւանքով երկրում հետզհետե աճում է վերջիններիս սպառնացող վտանգը:
Հ. Չ.
Ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը հասել է 41-ի
Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասել է 41-ի: Կենտուկիի նահանգապետ Սթիվեն Բիշերը ստորագրել է «1915-23 թթ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» հռչակագիրը: «1,5 մլն քրիստոնյա հայեր` տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, դարձան դաժան ցեղասպանության զոհերը, որ 1915-23 թթ-ին իրականացրեց Օսմանյան Թուրքիայի կառավարությունը: Ցեղասպանությունը հայերի 3000-ամյա ծաղկուն քաղաքակրթութունը ոչնչացնելու փորձ էր»,- գրել է նահանգապետը:
Ցիկլոնի զոհերի թիվն անցավ 15000-ը
Բիրմայի արտաքին գործերի նախարար Նյան Վինը պետական հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ մի քանի օր շարունակ մոլեգնած Նարգիզ կոչվող ցիկլոնին զոհ է գնացել 10 հազարից ավելի մարդ: Նյան Վինը հայտարարել է, որ իր երկիրը միջազգային օգնության կարիք ունի: Վերջինս հաղորդել է նաեւ, որ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, զրկված տարրական օգնությունից:
Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկարացնում են
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նախնական երկամսյա կալանքի ժամկետը ավարտվել է: Սակայն, ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին է հայտնել Ա. Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, նախաքննական մարմինը դիմել է դատարան` եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ: Նա նշեց, որ անցած երկու ամիսներին Ա. Արզումանյանի նկատմամբ քննչական գործողություն չի կատարվել, եւ, փաստորեն, նրա դեմ շինծու քրեական գործ հարուցելով` իշխանությունները պարզապես նախկին արտգործնախարարին մեկուսացրել են հասարակությունից: «Հուսով ենք, որ հունիսին Եվրոպան եւ ԱՄՆ-ը ճիշտ կեցվածք կընդունեն քաղբանտարկյալների հարցի կապակցությամբ», ասաց Մ. Բրաունը:
Պատգամավորը դադարեցրել է հացադուլը
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող, հացադուլ հայտարարած Հակոբ Հակոբյանի խնդրանքով քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել իր ընտանեկան բժիշկ Արտաշ Սանոսյանը եւ քրեակատարողական հիմնարկի բուժ. ծառայության մասնագետների հետ անցկացրել բժշկական զննություն: Արտաշ Սանոսյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ բավարար վիճակում է: Հաղորդվում է նաեւ, որ Հակոբ Հակոբյանը մայիսի 5-ին բանավոր հայտարարությամբ հրաժարվել է հացադուլից, հայտնելով, որ մայիսի 6-ին այդ հայտարարությունը կներկայացնի գրավոր ձեւով: