Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Կարապետյանի բողոքը` ժամկետը մեկ ամսով երկարաձգելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների օրերս կայացրած որոշման դեմ: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, թե ինքը հույս ուներ, որ ՆԺԿ առաջնորդն էլ կմասնակցի նիստին, սակայն դատարանը կարգադրություն չէր ուղարկել, եւ պաշտպանյալ Արամ Կարապետյանին չէին բերել դատական նիստին մասնակցելու. «Իմ պաշտպանյալը երբեք որեւէ դատական նիստի չի մասնակցել` ոչ առաջին, ոչ էլ վերաքննիչ դատարանում: Քրեական օրենսգրքի 288 հոդվածը չի պարտադրում մեղադրյալի մասնակցությունը վերաքննիչ դատարանում, սակայն չի էլ արգելում մասնակցել դատական նիստին: Արամ Կարապետյանը մասնակցելու ցանկություն է հայտնել: Ամենայն հավանականությամբ պետք է միջնորդեմ` ապահովելու իմ պաշտպանյալի մասնակցությունը»:
Իսկ թե ինչո՞ւ ընդհանուր իրավասության դատարանում չի մասնակցել Արամ Կարապետյանը, Բաղդասարյանը նշեց. «Դա իր իրավունքն էր. չի հավատացել արդարադատության իրականացմանը, որովհետեւ բոլոր քաղաքական կալանավորներին, ինչպես նաեւ իմ պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել քաղաքական հիմքերով` չունենալով քրեական օրենսգրքով առաջադրված որեւէ հիմք: Բոլոր դատարանները կատարում են քաղաքական պատվեր: Հույս ունեմ, վաղը կկանչեն հարցաքննության եւ մենք կներկայացնենք մեր տեսակետը»:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իմ բացակայության պարագայում, Մ. Ռեհանյանի նախագահությամբ մերժեց իմ բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ: Վարչախումբն այնքան վախեցած է, որ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է այսպես կոչված ուժեղ իշխանության թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք: Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը. «Պարոնայք, երկու վախը մի մահ է», իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք», ասված է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ