Չորեքշաբթի օրերին Երեւանի թիվ 178 դպրոցի 9-ի 1 (այժմ արդեն` 10-ի 1) դասարանում երրորդ դասը ռազմագիտության ժամ է: Աշակերտներից Հրայրը, որին արդեն հասցրել էր ուսուցիչը դիտողություն անել եւ ուղարկել դասասենյակի վերջին նստարանին նստելու եւ դասը չխանգարելու, «քաջություն» գտավ իր մեջ ընկեր Թումոյանի թիկունքից նրա «տնազն» անելու: Ընկեր Թումոյանն ինքը չտեսավ, որ Հրայրն իր թիկունքում է, այլ հասկացավ դա աշակերտների հայացքից եւ առանց շրջվելու հարվածեց տղային: «Հարվածը շատ թույլ էր, որ փայծաղ պատռի», հետո կվերհիշի ընկեր Թումոյանը: Սակայն հարվածի ուժգնությո՞ւնն էր պատճառը, թե՞ Հրայրի «ճոճանակից վայր ընկնելը» (սկզբում նա այդպես էր ձեւակերպել վնասվածքի պատճառը), այժմ այնքան էլ էական չէ, որքան այն, որ Հրայրի փայծաղը միջադեպին հաջորդող գիշերը հեռացվել է, իսկ դրա մասին լուրը հասել է «դիվանբաշուն»` իրավապահներին, եւ հիմա Էրեբունու քրեական առաջին ատյանի դատարանում գործ կա բացված` ընդդեմ «անզգուշորեն աշակերտին ծանր վնաս հասցրած» ուսուցչի:
Դասղեկ Ռուզաննա Նազարյանը այսպես է նկարագրում Հրայրին. «Չարաճճի, դասերին անպատրաստ տղա է: Ընտանեկան դրությունն էլ այն չէր, ծնողները բաժանված են, եւ երեխան մինչեւ այս դեպքը քեռու խնամքի տակ էր, քանի որ մայրը գնացել էր Հունաստան` աշխատելու: Երբ Հրայրին արդեն հիվանադանոցում հարցրի վիրահատության պատճառի մասին, ասաց, որ ճոճանակից վայր է ընկել, բայց հետագայում ասաց, որ Թումոյանն է խփել: Եթե իրոք ուսուցիչն էր խփել, ինչո՞ւ Հրայրը խաբեց սկզբից: Իհարկե, Հրայրը լավ գծեր էլ ունի, ընդունում է իր սխալը, բայց ընդհանրապես, հեքիաթներով, ֆանտազիաներով ապրող երեխա է»:
Հրայրի հետ փորձում ենք զրուցել, սակայն նա նկատելի հուզվում է. «Չեմ ուզում խոսել, մեկ էլ` ոչ եկեք, ոչ զանգեք, ոչ էլ էդ հոդվածը գրեք, խնդրում եմ, կլինի՞», ու հազիվ պահելով հուզմունքը մեր վերջին հարցումին ի պատասխան ասում է. «Էս պատմությունից հասկացա, որ սխալ եմ եղել, էդքան բան: Գիտեմ ով է սխալ, ով` ճիշտ, բայց ես չեմ ուզում անդրադառնալ էդ թեմային»:
«Չդաստիարակված, դիտավորյալ չար, բայց դիտողությունը հասկացող է Հրայրը, ասում է Հրայրի ռուսերենի ուսուցչուհի Կարինե Մարկոսյանը: Հիմա երեխաներից շատերը մեծի խոսքը չեն լսում, չեն ուզում հասկանալ: Դա գալիս է ծնողից, ընտանիքից, որովհետեւ շատ ծնողներ չեն հետեւում երեխաներին, որ լավ սովորեն, դասերին գիրք ու տետր բերեն: Իսկ եթե երեխան պատրաստ չէ, ամեն բան էլ կանի», ասում է 20 տարվա մանկավարժական ստաժ ունեցող տիկինը:
Հանդիպում ենք 10-ի 1 դասարանի երեխաներին: Հարցերին գրեթե չեն պատասխանում, լուռ են: Մի կերպ ճշտում ենք, որ 2007 թվականի նոյեմբերի 28-ին` միջադեպի օրը 22 աշակերտից 19 ներկա են եղել ռազմագիտության չարաբաստիկ այդ դասին, բայց ոչ ոք «չէր տեսել», թե ինչպես է ուսուցիչը հարվածել աշակերտին: Երեխաների համառ լռությունը ծանրացնում է մթնոլորտը: Ակնհայտ է, նրանք որոշել են այլեւս այդ թեմայով չխոսել: Միայն թերեւս քաղաքավարությունից կամ նպատակահարմարությունից ելնելով, միաբերան ասացին, որ շատ են սիրում ընկեր Թումոյանին, Հրայրն էլ վատ տղա չէ, իսկ թե ինչպես բացատրել, որ լավ ուսուցչի եւ լավ տղայի միջեւ միջադեպ է եղել, աշակերտներից մեկը ռուսերեն ասաց` թյուրիմացություն էր: «Պատահական, ոչ միտումնավոր հարված էր», լրացրեց մի աղջիկ: Երեխաներին ուղղած վերջին հարցից, թե. «Կարո՞ղ եք դասատուին այնպիսի վիճակի հասցնել, որ նա ձեզ ծանր մարմնական վնասվածք հասցնի», վերջապես աշխուժանում են տղաները եւ տալիս անկեղծ պատասխան` նայած դասատուի, ընդգծելով սակայն, որ այդ դասատուն ընկեր Թումոյանը չի կարող լինել:
Դպրոցի տնօրեն տիկին Բալոյանին հարցնում ենք երեխաների չխոսկանության մասին: «Երեխաներն արդեն հոգնեցին, էնքան տարան ու բերեցին ՆԳ, որ արդեն զայրույթով են լցված: Ո՞ր դպրոցում անկարգ, դասը խանգարող աշակերտ չկա: Դուք կարող եք հարցնել պարոն Թումոյանի դասավանդած բոլոր դասարանների երեխաների ու ծնողների կարծիքը նրա մասին: Նա կարողանում է երեխաներին համախմբել իր շուրջը, առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Հրայրի հետ կատարված դեպքը որակում եմ զուտ պատահականություն: Դեպքից հինգ օր հետո եմ իմացել, թե իբր պ-ն Թումոյանն է խփել: Ես գտնում եմ, որ այստեղ մեծահասակների խնդիրն էլ պետք է հաշվի առնել: Միջադեպը եղել է նոյեմբերի 28-ին, Հրայրի խնամակալ քեռին ինձ մոտ եկել է դեկտեմբերի 3-ին: Ի՞նչ փոխվեց այդ հինգ օրում, որ ճոճանակից ընկնելը դարձավ Թումոյանի հարված, չգիտեմ»:
Հրայրի մայրը, որ Հունաստանում գումար էր վաստակում ընտանիքի գոյությունն ապահովելու համար, դեպքից հետո վերադարձել է իր երկու որդիների մոտ: Հեռախոսազրույցի սկզբում ձայնն անվստահ էր հնչում, բայց անկեղծությունը ենթադրելի է. «Շատ վիրավորական է, երբ ինձ չճանաչելով, ենթատեքստով կարծիք են հայտնում իմ վարքի մասին, եւ դա անում է այն ուսուցիչը, որի պատճառով իմ երեխան հաշմանդամ է դարձել», ասում է Հրայրի մայրը` Կարինեն: Հրայրի հակասական ցուցմունքների մասին մեր հարցին պատասխանելով, նշում է, որ իրենք սկզբից էլ որոշել են չբողոքել, քանի որ ուսուցիչը դիտավորյալ չի վնասել Հրայրին: «Մենք չենք բողոքում, որ ուսուցչին չվնասենք, բայց դատախազությունն այլ դիրքորոշում ունի», ասում է Կարինեն, որ չի ուզում իրենց ընտանիքին «գործ տվող» կամ սուտասան որակեն:
Ռազմագիտության ուսուցիչ Կարեն Թումոյանը շատ ծանր է տանում, երբ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հետաքրքրվում են քրեական գործով եւ եղելությամբ, սակայն համաձայն է այն մտքին, որ դպրոցում պետք է մթնոլորտը փոխվի եւ վերանա «ուսուցիչ է, ուրեմն վատն է» անարդար դիրքորոշումը: Կ. Թումոյանը նույնպես դեպքը պատահականություն է համարում, որի լայնամասշտաբ քննարկմանը դեմ է: Բնականաբար, առաջին ատյանի դատարանում գործի լսման առաջին իսկ նիստին դատախազության միջնորդությամբ հետ վերցված եւ մեկ ամսով հետաձգված գործը «նոր մանրամասներով» համեմված հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվի դատական հաջորդ նիստի օրը, որի մասին, հուսանք, կտեղեկացվեն լրատվամիջոցները:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ