«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2008-05-03 | #85, 2008-05-06 | #86, 2008-05-07


ՎՐԱՍՏԱՆԸ` ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ

Մայիսի 5-ի ուշ երեկոյան տարածված տեղեկությունը, թե Վրաստանը ցանկություն է հայտնել դուրս գալ 1995-ի ապրիլի 19-ին Ռուսաստանի հետ կնքած հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրից, հաստատվեց Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ: Մասնավորապես, վրաց ԱԳՆ-ն ռուսական կողմին տեղեկացրել է, որ դուրս է գալիս տասներեք տարի առաջ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրից:

Նման քայլը լիովին տեղավորվում է ռուս-վրացական հարաբերությունների վատթարացող ընթացքի տրամաբանության մեջ, սակայն, եթե հավատալու լինենք փորձագետների գնահատականներին, ապա այս քայլն ավելի շուտ «հռետորական», քաղաքական է:

Ինչպես «ՌԻԱ նովոստի» գործակալությանը պարզաբանել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի 2003-2007 թթ. ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հարցով տեղակալ Այթեչ Բիժեւը, վրացական կողմի հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդի ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ռազմական պատրաստվածության վրա, քանի որ Վրաստանն այդ առումով չունի ո՛չ կառավարման համակարգ, ո՛չ ռադիոլոկացիոն դաշտ երկրի տարածքի վրա, ո՛չ էլ ակտիվ ռադիոլոկացիոն միջոցներ:

Ամեն դեպքում, ըստ Բիժեւի, ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի, որին մասնակից են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան, ստեղծման օրվանից վրացիները չեն մասնակցել որեւէ միջոցառման, մի քանի անգամ սպայական որոշակի ներկայացուցիչներ մասնակցել են զինավարժությունների:

Թերեւս կարելի է հասկանալ ռուսական գեներալի նման գնահատականը, բայց Հայաստանի պարագայում հետաքրքրական կլիներ պարզաբանում ստանալ, թե ԱՊՀ այսօրինակ միասնական համակարգից դուրս գալու Վրաստանի պաշտոնական հայտարարությունը որքանո՞վ կարող է փակել դեպի Հայաստան ռազմական օդային ուղին եւ ի՞նչ այլընտրանքային իրավիճակում է հայտնվում նույն միասնական համակարգի անդամ Հայաստանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4