Ստամբուլից BBC News-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդը գրում է, որ գրողների համար շատ դժվար ժամանակներ են այժմ Թուրքիայում: «Անցյալ տարի թուրքահայ ճանաչված լրագրող Հրանտ Դինքն սպանվեց, իսկ այս տարի ծայրահեղ ազգայնամոլներիՙ «սեւ ցուցակում» հայտնվեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը: Երկուսն էլ թուրքականությանը վիրավորանք հասցնելու համար», գրում է նա: Ստորեւ «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ապրիլի 19-ի համարից հոդվածի այլ մանրամասներըՙ թարգմանաբար:
Այսօր շատ գրողներ, որոնք հայտնի էին իրենց անկեղծ տեսակետները բացահայտորեն արտահայտելով, լռել են: Բայց նրանցից մեկը դեռեւս շարունակում է պայքարել հանուն խոսքի ազատության:
Ես Ռագըփ Զարաքոլուին գտա Սուլթանահմեդ դատարանի կիսախավար միջանցքներից մեկում: Սպասում էր, որ ներս կանչեին իրեն: Փոքրամարմին, բարի աչքերով անձնավորություն է, որն իր ուսերի վրա է վերցրել Թուրքիայում տաբուները վերացնելու ծանր բեռը: Որպես դրա անմիջական հետեւանք նա ամենաշատ հետապնդվող հրատարակիչն է երկրում: Այս անգամ եւս նրան դատում են հայտնի 301 հոդվածի դրույթներով:
Գործը հարուցվել է, երբ նա համարձակվել է հրատարակել բրիտանացի գրողի ստեղծագործությունը, որտեղ նրա ընտանիքի պատմությունն է հյուսվում 1915-ի դեպքերի ֆոնի վրա: Զարաքոլուն թանկ է վճարում իր «առաքելության» համար:
Նրա գրասենյակը գտնվում է «Մեծ բազարից» քիչ այն կողմ: Դարակներում եւ հատակի վրա գրքեր են Թուրքիայում ամենավիճելի հարցերի վերաբերյալ:
«Կնոջս հետ սկսեցինք հրատարակել Թուրքիայի կոմունիստական կուսակցության պատմությունը: Դա տաբուներից առաջինն էր», սկսեց խոսել Զարաքոլուն: Այդ գիրքը լույս է տեսել 1982-իՙ զինվորական հեղաշրջման օրերին: Արգելվել է եւ հետագայում այրվել «գեներալների կողմից որպես սպառնալիք հասարակական կարգուկանոնին»: Զարաքոլուի կնոջը դատական հայց է ներկայացվել:
Թուրքիայում շատ բան է փոխվել այդ օրվանից, բայց գրողների եւ հրատարակիչների հետապնդումները շարունակվում են: Արդարադատության նախարարության տվյալներով, միայն 2006-ին 1700 մարդ է դատվել 301-րդ հոդվածի դրույթներով. մեծ մասն առնչվել է հայկական կոտորածների վերաբերյալ հայտարարություններին:
«Եթե դու քեզ մեծ եւ արդար ու մաքուր ես համարում, դժվար թե ընդունես 1915-ին կատարվածը: Հասարակությունը որոշակի «վնասվածքներ» ունի, որոնցից մենք փորձում ենք խուսափել», բացատրում է Զարաքոլուն:
Եվրոմիությունն առաջարկել է փոփոխության ենթարկել 301-րդ հոդվածը: Բայց նույնիսկ «բարեփոխված ձեւով», ըստ Զարաքոլուի, այդ հոդվածը կմնա խիստ վտանգավոր: Այդ պատճառով էլ նա վճռել էր շարունակել իր պայքարը: «Կնոջս բանտարկեցին այս երկրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին գիրքը հրատարակելու համար: Հիմա, 15 տարի անց, ծրագրել եմ այդ գիրքը դարձյալ տպագրել եւ վերջում ավելացնել նրա գրառումներն իր դատավարության վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», հաստատակամ ինձ տեղեկացնում է խիզախ հրատարակիչը: Նրա գիրքը մեծ մասամբ ակադեմիական եւ ուսանողական շրջանակներում են ընթերցում:
Թարգմ. Հ. Ծ.