Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաջող է հանդես գալիս Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարում: 2-րդ խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները հաջողության հասան եւ կրկին 4-1 հաշվով: Այս անգամ մեր հավաքականի մրցակիցն էր Իտալիայի «B» սերիան ներկայացնող «Վիչենցայի» երիտասարդական թիմը:
Մեր հավաքականն արդեն 4-րդ րոպեին Միհրան Մանասյանի հարվածի շնորհիվ բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո, 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց: Խաղավարտից 9 րոպե առաջ Նորայր Գյոզալյանը 3-րդ անգամ գրավեց իտալացիների դարպասը, իսկ 3 րոպե անց Էդգար Մալաքյանը 4-րդ անգամ ստիպեց իտալացիներին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Եվ միայն խաղավարտից չորս րոպե առաջ դաշտի տերերին հաջողվեց «թրջել» հաշիվը:
Մայիսի 10-ին մեր հավաքականը վերջին խաղում կմրցի «Յուվենտուսի» մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ