Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում արդեն ի հայտ են եկել առաջատարները: Տղամարդկանց մրցաշարում վերելքով է հանդես գալիս երկրի չեմպիոն «Պոլիտեխնիկը»: Մեկնարկում երկրի չեմպիոնը 75-51 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին, ապա 57-40 հաշվով պարտության մատնեց «Արցախին»: Երրորդ խաղում էլ Գյումրիի բասկետբոլիստներին չհաջողվեց միավոր վաստակել չեմպիոնի հետ մրցավեճում: Այն 61-53 հաշվով շահեց «Պոլիտեխնիկը»: Բավական համառ պայքարում անցավ «Արաբկիր-ՖԻՄԱ-ի» հետ մրցավեճը: Փորձառու պոլիտեխնիկցիներից շատ ջանքեր պահանջվեցին մրցակցի դիմադրությունը կոտրելու համար (94-88):
Կանանց մրցաշարում, ինչպես եւ նախորդ առաջնությունում, այս անգամ էլ չեմպիոնության համար հիմնական պայքարը ծավալվել է «Գրանդ Քենդիի» եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի թիմերի միջեւ: Նրանց մրցավեճն անցավ համառ մրցապայքարում եւ ավարտվեց «Գրանդ Քենդիի» հաղթանակով (63-57), որն էլ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Իսկ ահա «Աջեռան» բոլոր չորս խաղերն էլ տանուլ է տվել ու եզրափակում է աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ