«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2008-05-06 | #86, 2008-05-07 | #87, 2008-05-08


ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, մինչդեռ Շուշիի ազատագրումից հետո բարոյապես կոտրված ադրբեջանցին այդպես էլ չկարողացավ ուղղել իր մեջքը:

Ով 1991-ի եւ 1992 թվականի առաջին ամիսներին եղել է Ստեփանակերտում, շատ լավ պատկերացնում է, թե ինչ սարսափ էր, երբ Շուշիի կողմից սկսվում էր ռմբակոծությունը, ինչպես էին սարսափից սպիտակած մայրերը երեխաներին արագ իջեցնում ներքնահարկեր, ինչպես էին ծերերը մի կերպ իրենց թոռների հետեւից պատսպարվում նույն գետնահարկերում: Ինքս 1992 թվականի ձմռանը, երկու տասնյակի հասնող ղարաբաղցի կանանց եւ երեխաների հետ, վերարկուով մի քանի գիշեր անցկացրել եմ ներքնահարկերից մեկում. մի քանի գիշերը ոչինչ, բայց մարդիկ ամիսներով քնում էին այդպես` Ստեփանակերտը կրակի տակ էր. «Գրադը խփում ա» բառերից երեխաները պարզապես սարսափահար էին լինում: Թե որքան հիվանդություններ են առաջացել նրանց մեջ այդ ռմբակոծությունների սարսափի պատճառով` ոչ ոք չի հաշվել, իսկ ըստ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի կայքէջի` 1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է 4740 արկ, որոնցից 3 հազարըՙ «Գրադ» կայանքներից: Այդ ընթացքում զոհվել է 100-ից ավելի, վիրավորվել է 300-ից ավելի խաղաղ բնակիչ, ավերվել են նրանց բնակավայրերն ու հասարակական նշանակության օբյեկտները: Շուշին ադրբեջանցիները դարձրել էին ռազմական հենակետ, որտեղից հույս ունեին գրավել Ստեփանակերտն ու ողջ Լեռնային Ղարաբաղը:

Մինչեւ Շուշիի ազատագրման բաղձալի օրը Ստեփանակերտում ջուր եւ հաց գտնելը դժվարին խնդիր էր, ամեն դրսից եկողի պայուսակում եթե մի քանի հաց գտնվեր, ամենալավ նվերն էր համարվում: Ստեփանակերտցիները մի տասը օրվա համար հաց էին թխում իրենց վառարանների վրա, եթե, իհարկե, մի գոգնոց ալյուր գտնում էին, իսկական պատերազմական ժամանակի պես դրանից ընտանիքի անդամներին օրական հասնում էր մի կտոր, ավերված տների բնակիչները ջուրը դույլերով կրում էին մեծ մասամբ ինքնահոս աղբյուրներից:

Շուշիի ազատագրումն, իսկապես, հայերիս համար շատ կարեւոր էր` Ստեփանակերտի եւ Ղարաբաղի անվտանգությունը դրանից էր կախված, բացի այդ, դա քննություն էր. մենք հասկացանք, որ ինքներս կարող ենք մեր խնդիրները լուծել, ինքներս կարող ենք դառնալ ռազմական իրավիճակ թելադրողը, պաշտպանել մեզ: Մենք ունեցանք մեր հաղթած հերոսներին, հարուստ մշակութային եւ պատմական դերակատարում ունեցող հայկական հնագույն Շուշին նորից հայկական դարձրինք, ազատեցինք Ղազանչեցոնց եկեղեցին անհավատ ոգորումներից: Ու արժե Շուշիի ազատագրման օրն ամեն տարի հիշել` թե ինչպես եղավ, կրկնել այնքան, մինչեւ այդ պատմությունը չիմացող հայ չմնա, պատմել այնտեղ կռված, նաեւ զոհված հերոսների մասին, ինչը չենք անում, քչերս գիտենք նրանց անունները:

Մինչեւ Շուշիի ազատագրումըՙ 1992-ի հունվարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանությունը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ հաջող գործողություններ, սակայն դա չէր կասեցնում Շուշին ռազմաբազա դարձրած ադրբեջանցիներին այնտեղից շարունակելու Ստեփանակերտի եւ շրջակա բնակավայրերի հրետակոծումը, այդ պահին Շուշիի ազատագրումը դառնում էր թիվ 1 խնդիր:

Շուշին ազատագրելու գործողությունը սկսվեց մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, ժամը 2:30-ին, Քիրսի դիրքերը եւ Լաչին-Շուշի ճանապարհի վերահսկումից հետո: Գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը): Հարձակման ճակատային գիծը 25 կմ էր: Ադրբեջանական կողմը շատ ավելի էր զինված ու մեր զինվորներից ավելի ստվարաթիվ էր` մերոնց զինուժը ինքնապաշտպանական ուժերի 1200 մարտիկներն էին: Հարձակումը նախատեսված էր նախապես մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր: Հայկական կողմը խնդիր ուներ Շուշիի բարձունքներում շրջանաձեւ դիրքեր գրաված հակառակորդին ջախջախել Լիսագոր, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում եւ Շուշիի մատույցներում, ազատագրել Բերդաձորը, ապա հարձակման անցնել 4 ուղղություններով` Շուշի, հյուսիսային, հարավային (Լաչինի), Քյոսալարի, նաեւ Ստեփանակերտի կողմից: Հաջող ավարտը փաստորեն մայիսի 8-ի երեկոյան արդեն կանխորոշվեց, երբ մերոնք բոլոր ուղղություններով նպաստավոր դիրքեր գրավելով` արդեն Շուշիի մատույցներում էին կռվում: Երեկոյան հատկացված միջանցքով ադրբեջանցիք հեռացան: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին ազատագրված էր: Հայերն ունեցան 57 զոհ, ադրբեջանցիք` 250-ից ավելի եւ բազմաթիվ վիրավորներ:

Սա համարվում է փայլուն մարտական գործողություն` նվազագույն կորուստներով, կայծակնային արագությամբ: ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտն ու նրա շրջակա բնակավայրերն ազատվեցին մահաբեր ռմբակոծություններից, դրան հաջորդեց Լաչինի միջանցքի բացումը, որը ԼՂՀ ապաշրջափակման եւ Հայաստանի հետ տրանսպորտային կապ ունենալու սկիզբն էր:

Այսօր արդեն տոնում ենք Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը: Գուցե տոնին ընդունված չէ, այնուամենայնիվ հարկ կա ասելու, որ անցած 16 տարիներին մենք ցանկալի մակարդակով չենք զարգացրել Շուշին, նրա բնակչության եւ այնտեղ ապրելու ցանկություն ունեցող այլ մարդկանց համար չենք ապահովել տանելի պայմաններ, անգամ չենք մշակել Շուշիի համակողմանի զարգացման ծրագիր, ինչպես որ Քաշաթաղի դեպքում է. այսինքն` կորցրել ենք թանկագին ժամանակը, որը պետք է օգտագործեինք Շուշին Ստեփանակերտին համարժեք քաղաք դարձնելով: Չենք արել` հիմա ենք անելու, պարտավոր ենք, այլապես հետո եկող սերունդը մեզ չի ների:

2007 թվականին մշակված Շուշիի նոր գլխավոր հատակագիծն ուրվագծում է, որ 2020 թվականին Շուշին դառնալու է մշակույթի եւ տուրիզմի հայկական առաջատար կենտրոններից մեկը: Այս տարվա հունվարին տեղի ունեցած Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը ներդրումային խոստումների եւ հանգանակությունների 5, 7 մլն դոլարի համարժեքը հավաքեց: Շատ չէ, բայց էլի մեկնարկային գումար է: Սակայն Շուշին պետք է վերականգնվի ոչ թե եւ ոչ միայն բարեգործությամբ, այլեւ պետական ծրագրով, Շուշին վերականգնելը ռազմավարական նշանակության գործ պետք է դիտվի զույգ հայկական պետությունների համար:

Շուշիում մի քանի գործ արդեն կատարվել է` բացվել են ժամանակակից կինոթատրոն, արվեստի կենտրոն, տպարան, ամրացվել է հանրահայտ բերդապարիսպը: Սակայն Շուշիի մի քանի հազար բնակիչներն այսօր իրենց կենցաղը կարգավորող լուրջ ծրագրերի իրականացման կարիք ունեն, այլապես Շուշին այդպես էլ կմնա չվերականգնված: 2006 թվականին ստեղծված «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը եւս շատ խնդիրների լուծման խոստումներ ունի:

Բայց այսօր տոն է, վերադառնանք տոնի խորհրդին, որ բոլորիս մեջ հպարտության եւ հայրենիքի զգացումն է արթնացնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4