Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ ու տվեց մի շարք պարզաբանումներ ՀՀ ընտրողների պետռեգիստրի երկքաղաքացիության եւ ՀՀ քաղաքացու անձնագրերի նոր նմուշի ներդրման հարցերի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ բացի «Ազգի» ինտերնետային էջից, ՀՀ ոստիկանության www.police.am էջից կարող եք մանրամասն տեղեկություններ ստանալ: Տկն Զաքարյանը նախ անդրադարձավ ԱՎ վարչության կառուցվածքում 2007-2008 թթ. կայացած նորամուծություններին ու նշեց, որ նախկինում գործող «հասցեների բյուրոն» լուծարվել է ու ստեղծվել է բնակչության հաշվառման պետռեգիստր, որտեղ ներառված են ինչպես ընտրողների ռեգիստրը, ՀՀ բոլոր քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, նորածինների, մահացածների ռեգիստրները, տեղադրվել են պահոցում` անձի տվյալների հետ նաեւ լուսանկարը:
«Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը» գրեթե 80-90 տոկոսով փոփոխության է ենթարկվել: Օտարերկրացիները ՀՀ-ում ունեն կացության երեք կարգավիճակ` կացության ժամանակավոր կարգավիճակ, մինչեւ մեկ տարի ժամկետով, կացության մշտական բնակչի կարգավիճակ մինչեւ 5 տարի ժամկետով եւ կրկին 5 տարով երկարացնելու հնարավորություն: Կացության հատուկ կարգավիճակը (10 տարի ժամկետով) տրվում է միայն ծագումով հայերին` ՀՀ նախագահի հատուկ կարգադրությամբ ու գանձվում է պետտուրք 150.000 դրամի չափով: Կան նաեւ անձինք, որոնք ազատվում են այդ պետտուրքից, եթե ՀՀ-ում բարեգործություններ, ծառայություններ են մատուցել: Նոր օրենքով ՀՀ-ի սահմանը հատելուց անձին սահմանային կետերում տրվում է մինչեւ 120 օր մուտքի արտոնագիր: Նորություն է նաեւ, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ոչ բոլոր պետությունների քաղաքացիները կարող են ստանալ մուտքի արտոնագիր, դրանք են` Աֆղանստանը, Բանգլադեշը, Կամերունը, Չինաստանը (բացառությամբ Հոնկոնգի, Մակաուի), Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը, Նիգերիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Շրի Լանկան, Սուդանը, Սիրիան, Վիետնամը: Իսկ Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայությունները պետք է տան Հայաստան մուտքի արտոնագիր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ