Այսօր Ստեփանակերտում ոչ մի բազմաբնակարան շենք, նաեւ նորակառույց, չի համապատասխանում անվտանգության նորմերին: Այս մասին հայտարարել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մաքսիմ Միրզոյանը Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Տնօրենի խոսքով, շենքերում ծխատարներն ու օդափոխիչները կամ վթարային վիճակում են, կամ էլ առհասարակ բացակայում են, ուստի գազի արտահոսքի պատճառով պայթյունի վտանգը միշտ բնակշենքերում առկա է: «Արցախգազը» վթարները վերացնելու համար նյութական ռեսուրսներ չունի, դժգոհեցին ընկերության ներկայացուցիչները, իսկ տնօրենը պարզապես այդ խնդիրն իրենց պատասխանատվությունից հեռացրեց, ասելով, որ դրանց վերանորոգումը ԲՇՏ-ների կամ փրկարար ծառայությունների գործն է:
Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը, սակայն, պարզաբանել է նրանց, որ նշված կառույցները ոչ մի առնչություն չունեն ծխատարների վերանորոգման հետ: Գազ սպառողների հետ կնքվելիք պայմանագրային նոր ձեւում նշված է, որ «Արցախգազը» կարող է անվտանգության զննումներ կատարել շենքերում, ինչ մնում է վերանորոգումներին, ապա դա կարող է իրականացվել միայն հայտի ներկայացման դեպքում: Նա մտահոգություն է հայտնել իրավիճակի առթիվ, նշելով, որ նոր պայմանաձեւի անցնելն առաջին քայլն է լինելու վիճակը շտկելու ուղղությամբ:
Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը նույն նիստում հաստատել է գազի նոր սակագները. մինչեւ 10.000 խորանարդ մետր գազ օգտագործողները նախկին 65 դրամի փոխարեն այսուհետեւ մեկ խմ գազի համար վճարելու են 84 դրամ, իսկ դրանից ավելի օգտագործողները` 59 դրամ: Նոր սակագները կսկսեն գործել հունիսի 4-ից:
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիա սպառողների հետ կնքվելիք պայմանագրի օրինակելի ձեւը: Նոր պայմանագրով մատակարարը պատասխանատվություն է ստանձնելու էլեկտրաէներգիայի տատանումների դեպքում սպառողների սարքավորումների փչանալու համար: Դրանք եզակի դեպքեր չեն Ստեփանակերտում, իսկ տատանումների հետեւանքով էլեկտրական սարքավորումների շարքից դուրս գալը կարծես թե սովորական երեւույթ է դարձել, որի համար էլցանցը երբեք պատասխանատվություն չի կրում: Նոր կարգը, ինչպես տեղեկացրեց Վ. Ադամյանը, առայժմ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, իսկ բնակչության հետ կնքվելիք պայմանագրի օրինակելի ձեւը հանձնաժողովը կմշակի ու կընդունի առաջիկայում:
Հաստատվել են նաեւ փոստային ծառայությունների նոր սակագները: Հանձնաժողովի նախագահը «Արցախփոստի» ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց առաքումների ժամկետների պահպանման խնդրին:
Հանձնաժողովը շտկում կատարեց նախորդ տարվա նոյեմբերին հաստատված` ռադիոհաճախականությունների տրամադրման թույլատրության կարգում: Կարգից ժամանակավորապես հանվել է այն կետը, որով հայտատուն պարտավոր էր ներկայացնել էլեկտրամագնիսական իրավիճակի չափումների արձանագրություն եւ եզրակացություն: Շտկման հիմքն այն էր, որ ԼՂՀ-ում այդ լիազորություններով օժտված կառույց դեռեւս չկա:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ