Դաշնակահար Սոնա Արշակյանն ինքնատիպ հայտնություն է հայ երաժշտական կատարողական արվեստում: Նվագելու ընթացքում կանացի հմայքը միաձուլվում է երաժշտության հնչյուններինՙ հանդիսատեսի ընկալմանը հասցնելով զգացմունքային, քնարական, ներդաշնակ մեղեդի: Սկարլատիի վարպետ կոչումն ստացել է իտալական երաժշտական մրցույթ-փառատոներից մեկի ժամանակՙ ճանաչվելով Սկարլատիի սոնատի լավագույն կատարող: Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը նկատում է, որ Սոնայի հաջողության գրավականը տաղանդն ու աշխատասիրությունն է:
«Թերեւս հաջողությունները նույնը չէին լինի, եթե Սոնան Մոսկվայում չուսաներ: Մոսկվան արվեստի կենտրոններից է եւ երիտասարդ դաշնակահարուհուն շատ բան տվեցՙ ստեղծագործական աճը զգացվեց, պրոֆեսիոնալ հայացքով նայեց երաժշտությանը: Բացի այդ, ապրում է երաժշտությամբՙ ինչը նրա մեծագույն առավելություններից է:
Կամերային երաժշտության տան մենահամերգը բացվեց երկացանկում ավանդական դարձած Սկարլատիի սոնատներով: Երաժշտության յուրաքանչյուր հնչյունի մեջ ներկայացնում էր իր ներաշխարհըՙ մերթ բռնկուն, մերթՙ հանգիստ: Զգացվում էր ռոմանտիկա ու բարություն, որը վարպետորեն փոխանցում էր հանդիսատեսին: Երաժշտական նորովի երանգներով ու մեկնաբանությամբ ներկայացրեց Շումանի «Հումորեսկը», իսկ Բրամսի վարիացիաները կատարեց մեկ շնչով ու հատուկ շեշտադրությամբ: «Շատ ջերմ հանդիսատես էր: Հանգիստ ու անկաշկանդ էի նվագում: Դահլիճում յուրաքանչյուրի հայացքը, ժպիտը շատ հարազատ էր», համերգից հետո ասաց Սոնան:
«Հրաշալի գեղարվեստական դպրոց ներկայացնող անհատականություն է: Մոսկվայի կոնսերվատորիայի հետ է ճանապարհը խաչաձեւումՙ հարստացնելով իր վարպետությունը մոսկովյան դպրոցի առանձնահատկություններով: Հրաշալի ունակություն ունի երաժշտություն լսելու եւ լսել տալու: Իր մեկնաբանություններով թողնում է մտավորական երաժշտի տպավորություն: Որեւէ շեղում կամ անսպասելի բան չնկատեցի: Հավասարակշռված երաժիշտ է: Կցանկանայի, որ մեկնաբաներ որոշ մանրամասներ իր նվագի առանձնահատկություններից: Կցանկանայի, որ ավելի համարձակ լինի երաժշտական նյութ ընտրելու գործում եւ ներկայացնի նաեւ հայ նորագույն երաժշտության ստեղծագործությունները, որոնք նույնպես նման ինտելեկտուալ մեկնաբանման կարիք ունեն», ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Երեւանի մենահամերգն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը Սոնային տվեցին թեւերՙ ավելի վերեւ ճախրելու եւ աշնանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայանալիք միջազգային մրցույթին հաղթողի հոգեբանությամբ ներկայանալու համար:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ