Killer Queen-ի առաջիկա մրցակիցը Մերի Օրթեգան է
Մայիսի 10-ին գերմանական Հալլե- Զաալեի Բրանդբերգե մարզասրահում թեթեւքաշայինների աշխարհի WBA, WIBF վարկածներով չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը ռինգ դուրս կգա ամերիկուհի Մերի Օրթեգայի դեմ: Մրցելույթին կարելի է ուղիղ հեռարձակմամբ հետեւել եվրոպական ժամանակով 22.20-ինՙ Pro Sieben-ով:
27-ամյա Օրթեգան Կանզաս Սիթիից է, պրոֆեսիոնալ ռինգում 40 մրցամարտից 29-ը պսակել է հաղթանակով, որից 8-ըՙ նոկաուտով, կրել է 4 պարտություն, 2 մրցամարտ ավարտել ոչ-ոքի:
Մեր հայրենակցուհի Killer Queen մականունը կրող Սյուզի Քենտիկյանն անպարտելի էՙ 20 մրցելույթ, 20 հաղթանակ, որից 15-ըՙ նոկաուտով: «Օրթեգայի խաղը դիտելու համար Դյուսելդորֆ գնացի, բայց շատ բան չտեսաՙ իր մրցակցին հենց առաջին ռաունդից տուն ուղարկեց: Ինձ հետ նույնն անել չի կարող», ասել է Սյուզին օրեր առաջ:
Ի դեպ, ծնունդով Երեւանից, Համբուրգում բնակվող Սյուզի Քենտիկյանը եվրոպական միջմշակութային երկխոսության 2008-ի դեսպանն է Գերմանիայում: Այս կոչմանը շատ հարմար թեկնածու է կրկնակի չեմպիոնի տիտղոսն ունեցող 1,54 մետրանոց 20-ամյա բռնցքամարտիկը, որ իր խոսքերովՙ սպորտի միջոցով շատ մարդկանց է ծանոթացել ու Գերմանիայում հարազատ միջավայր գտել, ծանուցում է գերմանական լրատուներից մեկն ու շարունակում Քենտիկյանի խոսքը. «Այսօր ես աշխարհի չեմպիոն եմ ու գիտեմ, թե որքան կարեւոր են նոր փորձառություններն ու այլ մշակույթների գոյությունը բացահայտելը: Լավ է, որ փողոցում մարդիկ ինձ ոչ միայն դեմքով կճանաչեն, այլեւ անունս էլ կիմանան: Ուզում եմ ճանաչումս ռինգից դուրս էլ կիրառելՙ սատարելով եվրոպական միջմշակութային երկխոսության կայացմանը»:
2008-ը Բրյուսելում Եվրոհանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր տնօրենության կողմից հայտարարվել է միջմշակութային երկխոսության տարի: Նպատակը ԵՄ 27 երկրների բնակիչներին բազմաշերտության առավելությունների մասին իրազեկելն է, ինչպես նաեւ միջմշակութային փոխանակման գաղափարով խանդավառելը: Այս նպատակով 2008-ին զանազան միջոցառումներ կկազմակերպվեն եվրոպական տարբեր երկրներում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա