«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2008-05-06 | #86, 2008-05-07 | #87, 2008-05-08


«ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ԴԻՄՈՒՄԸ ԿԼՍՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դատական բոլոր ատյաններն անցնելուց եւ մերժում ստանալուց հետո «Ռադիո Հայը» դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներին: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից 6 ռադիոընկերություններ դժգոհել էին հիշյալ օրենքի այն հակասությունից, որն ասում է, թե հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության համար անհրաժեշտ ծախսերից: Կառավարության 2006-ի որոշմամբ եթերավճարի գանձումն անցնում է տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասությանը, որն էլ «Հեռահաղորդակցության հանրապետական խորհրդին» հանձնարարում է իրականացնել վարձավճարների գանձումը:

Սա առաջացրել է ռադիոընկերությունների ղեկավարության վրդովմունքն այն պատճառով, որ վերջիններիս համոզմամբ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հիշյալ կետը կառավարությանը հնարավորություն է տալիս եթերավճարի չափն ու կարգը կամայականորեն իրականացնելու: Ըստ օրենքի, եթերավճարի չափը հաշվարկվում է անհրաժեշտ ծախսերից ելնելով, մինչդեռ օրենքը չի ասում` ով է կատարում հաշվարկը, ինչ է հասկացվում հաճախության սպասարկման տակ եւ ով է սպասարկումն իրականացնողը: Հոդվածի անորոշ շարադրանքը, փաստորեն, եթերավճարի հայեցողական սահմանման հնարավորություն է տալիս այն մարմնին, որը սահմանելու է վճարի չափը: «Ռադիո Հայի» ղեկավարությունը համոզված է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածների:

«Ռադիո Հայի» դիմումը Սահմանադրական դատարանում կլսվի մայիսի 13-ին, ժամը 11-ին: Լրատվամիջոցից տեղեկացնում են, որ իրենք նույն խնդրի շուրջը նախնական գանգատ են ուղարկել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը գրանցվել է քարտուղարությունում եւ կազմվել է համապատասխան գործ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4