«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Այսօր` մայիսի 9-ին ողջ աշխարհում եւ հատկապես ԱՊՀ երկրներում հիշում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Ֆաշիստական Գերմանիայի ոչնչացումը կարեւոր էր ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ ողջ մարդկության համար, դա է հավանաբար պատճառը, որ չնայած անցած 63 տարիներին եւ ԽՍՀՄ-ի փլուզմանը, առաջադեմ մարդկությունը շարունակում է նշել այս օրը որպես երկրագնդի փրկության օր: Հաղթանակն այդ պատերազմում կարեւոր էր նաեւ հայ ժողովրդի համար, քանի որ ֆաշիստական Գերմանիայի հաջողությունը կհզորացներ նրա դաշնակից Թուրքիային, որն արդեն մեծաքանակ զորք էր կուտակել Հայաստանի սահմանին եւ գերմանական զենքի հաղթանակի դեպքում պատրաստվում էր ներխուժել Անդրկովկաս: Սա էր պատճառներից մեկը նաեւ, որ ոչ միայն Խորհրդային Հայաստանի բնակչությունը, այլեւ աշխարհասփյուռ ողջ հայությունը ակտիվ կերպով ներգրավվեց հակաֆաշիստական այս պայքարում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխարհի տարբեր բանակներում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում էր մինչեւ 600 հազար հայ զինվոր, որոնցից մոտ 500 հազար ընդգրկված էր Կարմիր բանակում: Ընդհանրապես հայերի մասնակցությունը այդ պատերազմին եւ ռազմական գործողություններին աննախադեպ էր թե՛ մասնակիցների թվաքանակով եւ թե՛ ցուցաբերած քաջությամբ: Խորհրդային Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ ազգային 3 դիվիզիա կազմավորեց, որոնք կռվեցին ռազմաճակատի ամենաթեժ կետերում: Աննախադեպ էր նաեւ ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած հայերի թիվը` 106: Բալթիկայի արծիվ հռչակված Նելսոն Ստեփանյանը առաջիններից էր, որ կրկնակի հերոսի կոչում ստացավ: Կրկնակի հերոս էր նաեւ զորավար Հովհաննես Բաղրամյանը:

Ընդհանրապես Երկրորդ համաշխարհային պատերազմում Կարմիր բանակը եւ նավատորմը ղեկավարում էին մեծ թվով հայազգի զորավարներ, որոնցից առավել հայտնի էին ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանի, տանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի (Սերգեյ Խուդյակով), ծովակալ Իվան Իսակովի անունները: Ցավոք, աննախադեպ էին նաեւ հայերի կրած կորուստները` մոտ 300 հազար սպանված: Համեմատության համար ասենք, որ նույնքան զոհ Երկրորդ աշխարհամարտում տվել էին բրիտանական եւ ամերիկյան բանակները: Հայազգի զինվորների թիվը քիչ չէր նաեւ ամերիկյան բանակում` մոտ 20 հազար: Նորից համեմատության կարգով նշենք, որ ԱՄՆ-ում այդ ժամանակ ապրում էր ընդամենը 200 հազար հայ: Հայ զինվորներն արիաբար կռվում էին Փիռլ Հարբորի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի եւ այլ ճակատներում: Ամերիկահայ զինվորներից 500-ը զոհվեցին, իսկ 500-ից ավելին էլ տարբեր աստիճանի վերքեր ստացան, եւս 50 մարդ անհետ կորավ: Պատերազմի տարիներին ամերիկյան բանակի ամենաբարձրաստիճան հայազգի սպան գեներալ Հայկ Շեքերջյանն էր, որն այդ կոչումին արժանացավ 1942-ին նախագահ Ռուզվելտի հրամանով: Իսկ ամերիկյան ամենաբարձր ռազմական պարգեւին` Կոնգրեսի Պատվո շքանշանին է արժանացել ավագ լեյտենանտ Էռնեստ Դերվիշյանը` 1944-ի մայիսին իտալական Սիստեռնա վայրում ցուցաբերած աննախադեպ քաջության համար: Բոստոն քաղաքի փողոցներից մեկը մինչ օրս կրում է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր հերոսությամբ աչքի ընկած Ջեյմս Թոփալյանի անունը, որը զոհվեց Փիռլ Հարբորում իր զինվորական պարտքը կատարելիս: Ամերիկյան բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին հերոսությամբ աչքի ընկած հայերի թիվը մեծ է եւ մեկ հոդվածի շրջանակներում նրանց բոլորին նշել հնարավոր չէ: Հերոսությամբ աչքի էին ընկնում նաեւ եվրոպաբնակ հայերը: Ֆաշիստական լծի տակ գտնվող բնակչությունը պայքար էր մղում իր ազատագրման համար, այդ պայքարի մասն էին կազմում նաեւ հայերը: 1942-45-ին Ֆրանսիայում գործում էր Հայ ազգային ճակատը: Անլեգալ այս կազմակերպությունը իր շուրջն էր համախմբել մոտ 10 հազար ֆրանսահայի, որոնք իրենց պայքարն էին մղում Ֆրանսիայի ազատագրման համար: Ճակատի հիմնադիրներն էին Հանրի Մարմարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Շահե Տատուրյանը եւ այլն: Ճակատը ակտիվ պայքար էր տանում ֆաշիստական օկուպացիայի դեմ եւ նույնիսկ կարողացավ իր մասնաճյուղերը բացել Ռումինիայում, Բուլղարիայում եւ այլուր: Եվրոպայում ընդհանրապես եւ Ֆրանսիայում մասնավորապես ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարի հայազգի ամենահայտնի ներկայացուցիչը թերեւս Միսաք Մանուշյանն էր, որը 1939-1944-ը ակտիվ պայքար էր մղում Եվրոպան ֆաշիստական լծից ազատագրելու համար: Բանաստեղծ, հայրենասեր, հայ ազգին նվիրված զավակ Մանուշյանը ֆրանսիական դիմադրության տարիներին ղեկավարում էր այդ շարժման ամենամարտունակ` «Ստալինգրադ» կոչվող ջոկատը: Իսկ նրա գնդակահարվելուց հետո, Մանուշյանի օրինակով հազարավոր հայ երիտասարդներ ընդգրկվեցին դիմադրության շարքերը: Հետմահու Միսաք Մանուշյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի ամենաբարձր «Պատվո լեգեոն» շքանշանով: Մանուշյանի անունով փողոցներ կան Փարիզում, այլ Մարսելում եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:

Ինչեւէ, հայերի մասնակցության մասին Երկրորդ աշխարհամարտի տարիներին կարելի է երկար գրել, սակայն կարեւոր է նշել, որ վերջին տարիների որոշ հայազգի վայ մասնագետների եւ, այսպես կոչված, լրագրողների փորձերը` թերագնահատելու կամ նույնիսկ նվաստացնելու հայերի դերակատարությունը այդ պատերազմում, ոչ մի կերպ չեն նպաստում հայ զինվորների հերոսության իրական գնահատման եւ ընդհանրապես այդ հաղթանակի կարեւորությունը հայ ժողովրդի կյանքում հասկանալու համար: Իրականում ոչ միայն կարեւոր էր հայերի մասնակցությունը այդ պատերազմին, այլեւ այն հաղթանակը, որը տրվեց մեծագույն զոհերի, մոտ 300 հազար հայ զինվորների արյան գնով եւ ներկայումս Հայաստանում ակտիվացած ապազգային տարրը իրավունք չունի թերագնահատելու կամ, առավել եւս, նվաստացնելու այդ պատերազմում հայ զենքի տարած հաղթանակի կարեւորությունը հայ ժողովրդի հետագա գոյության համար: Կարող ենք միայն հաստատել, որ արցախյան հաղթանակը հնարավոր եղավ միմիայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած հայ զինվորի ոգու շնորհիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4