«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ՉՆՉԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 19 մարդկանց դատավարության 5-րդ նիստը: Նրանցից ութին ազատազրկել էին սպանությունից մի քանի օր անց:

Մեղադրյալներից մեկըՙ Տրապիզոնից Ջողքուն Իղջի անունով մի իրազեկիչ, որին պետք է հարցաքննեին, չի կարողացել վկայություն տալ դատապաշտպան չունենալու պատճառով: Նախապես Տրապիզոնում նա նշել էր, թե զգուշացրել է 2 ոստիկանների, որ Յասին Հայալը պատրաստվում է սպանել Դինքին: Ոստիկաններն էլ իրենց հերթին հաստատել էին, որ տեղեկությունը փոխանցել են իրենց վերադասներին, բայց վերջիններս ոչ մի բան չեն ձեռնարկել:

Ստամբուլի դատարանը խոստացել է Իղջիին դատապաշտպանով ապահովել եւ հարցաքննության կանչել դատական առաջիկա նիստին, որը կայանալու է հուլիսի 7-ին: Այդ նիստի լսումները բաց են լինելու զանգվածային լրատվության առաջ, քանի որ Օգյուն Սամասթը 18 տարեկան է դառնալու հունիսի 28-ին: Մինչ այդ Սամասթի դեռահաս լինելու պատճառով դատական լսումներին չէին թույլատրվում լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Իսկ մեկ ուրիշ ամբաստանյալՙ Իրֆան Օսքան անունով, որին անցյալ տարվա հուլիսի 2-ին ազատ էին արձակել, այս նիստի ժամանակ ցնցող վկայություն է տվել, ասելով, որ ինքը լսել է Սամասթի տրապիզոնցի ընկերոջՙ Ումիթ Օքսյուզի հետեւյալ խոսքերը. «Ստամբուլից մի խմբավորման անդամները Տրապիզոնում կարեւոր նիստ են գումարել, որի ընթացքում հարց են տվել, թե ով է սպանելու լրագրողին, եւ երբ Սամասթն առաջ է եկել ասելովՙ «Ես կանեմ», բոլորը ծափահարել են»: Երբ Դինքի ընտանիքը ներկայացնող փաստաբանները նրան խնդրել են մանրամասներ ասել այդ նիստի մասնակիցների մասին, Օսքանը հրաժարվել է պատասխանելուց:

Դատարանը համաձայնություն է տվել Դինքի փաստաբանների խնդրանքին, որ գործի հետ կապված ավելի շատ իրադարձային զեկույցներ պահանջվեն Ստամբուլի եւ Տրապիզոնի դատախազություններից, եւ Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչության պետ Ջելալեդդին Ջերրահից: Դինքի փաստաբանները նաեւ խնդրել են, որ իրենց թույլատրվի ծանոթանալ բանտային համակարգչի տվյալներին, որտեղ գրանցվում են բոլոր այցելությունները: Վերջում Դինքի փաստաբանները բողոք են ներկայացրել Հայալի փաստաբանի դեմ, մեղադրելով նրան քրեական օրենսգրքի 216.2 հոդվածի «ատելություն սերմանելու» դրույթներով: Փաստաբան Ֆուաթ Թուրգութը լսումների ժամանակ անարգանքի խոսքեր է ասել Օրհան Փամուքի եւ հայերի հասցեին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4