«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԹՈՒՐՔ-ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

Այդ մասին երեկվա համարում նշել է «Ռեֆերանս» թերթը: Ըստ տեղեկության, կենտրոնակայանը Բրյուսելում գտնվող այս միության համանախագահ Քաան Սոյաքը ասել է, որ անցյալ տարի Ստամբուլում գրասենյակ բացելու պաշտոնական դիմում են ներկայացրել նահանգապետարան, սակայն փետրվարի 26-ին ստացել են Ստամբուլի փոխնահանգապետ Ֆիքրեթ Քասափօղլուի ստորագրությամբ մերժման պատասխան, որտեղ ասված է. «Մեր նախարարությունը ուսումնասիրություններով պարզել է, որ խնդրո առարկա կազմակերպությունը գրասենյակ բացելու իրավունք չունի Թուրքիայում: Եթե Ստամբուլում գրասենյակներ ունեք, ապա խնդրում ենք դադարեցնել նրանց գործունեությունն ու հասցեները մեզ հայտնել»:

Ստամբուլի նահանգապետարանի մերժման պատասխանին տարակուսանքով է արձագանքել Քաան Սոյաքը, նշելով, թե Թուրք-հայ գործարար միության գրասենյակը Ստամբուլում բացելու հարցը դեռեւս քննարկվել էր անցյալ տարի ԱՄՆ-ում, իսկ քննարկմանը ներկա թուրք դիվանագետները դրական վերաբերմունք էին ցուցաբերել: «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը, ասել է Սոյաքը, ինչո՞ւ է արգելում գրասենյակի բացումը, չէ՞ որ մի քանի տարի առաջ կառավարությունը աջակցության խնդրանքով մեզ էր դիմել, որպեսզի խոչընդոտենք Եվրոխորհրդարանում հայերի ցեղասպանության վերաբերյալ զեկույցի ընդունմանը: Իսկ հիմա մեր խնդրանքն են մերժում եւ իրենք դրանով հակասում են իրենց»:

Ինչ վերաբերում է Ստամբուլի փոխնահանգապետին, ապա նա ընդգծել է, որ դիմումներին պատասխանելը ներքին գործերի նախարարության իրավասությունն է եւ մերժման համար նախարարությունը իրենց որեւէ բացատրություն չի ներկայացրել: Ի դեպ Թուրքիայում նահանգապետն ու նահանգապետարանները ներքին գործերի նախարարության ենթակայության տակ են:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4