Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց կառավարության ձեռնարկած քայլերի մասին
Կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն անդրադարձավ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակների 65 տոկոս բարձրացմամբ որոշ ընտանիքների` ընտանեկան նպաստից զրկվելու հարցին:
Նախարարը հայտնեց, որ նախորդ տարիներին թոշակների 1000-1500 դրամով բարձրացմամբ բազմաթիվ ընտանիքներ դուրս էին մնում նպաստների համակարգից: Նման կորուստ ունեցող ընտանիքների թիվը հնարավորինս նվազեցնելու նպատակով իջեցվում էր ընտանեկան նպաստ ապահովող միավորի շեմը տարեկան 1-ով: Սակայն խնդիրը մնում էր, քանի որ 2-3 հազար ընտանիքներ վերջնահաշվարկում ավելի քիչ գումար էին ստանում, քան մինչ թոշակների բարձրացումը: 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց 2008-ի համար մշակել այնպիսի սցենար, որի դեպքում կենսաթոշակների բարձրացումից նպաստառու ընտանիքները չտուժեին: Աղվան Վարդանյանը նշեց, որ 65 տոկոս կենսաթոշակների բարձրացման դեպքում, եթե համապատասխան քայլեր չարվեին, ապա թոշակառուներ ունեցող շուրջ 35 հազար ընտանիքներ, կամ այդ ընտանիքների գրեթե 99 տոկոսը դուրս կմնային նպաստների համակարգից: Դա թույլ չտալու համար անապահովություն սահմանող միավորը 33-ից իջեցվեց 30-ի, շուրջ 14 հազար ընտանիքներ մնացին ընտանեկան նպաստի համակարգում: Շուրջ 9 300 միայնակ, չաշխատող, անժառանգ թոշակառուներ, որոնք եւս դուրս էին մնացել համակարգից եւ որոնց միավորները ցածր են 30 միավորից, բայց որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 30 հազար դրամը, վերընդգրկվեցին ընտանեկան նպաստի համակարգում: Մնացած 4 250 ընտանիքներին կառավարությունը որոշեց ողջ տարվա ընթացքում հատկացնել միանվագ դրամական օգնությունՙ ամսական 8 հազար դրամի չափով:
Ըստ նախարարի, ներկայումս միայն 5 ընտանիք է շարունակում մնալ այն վիճակում, երբ մինչ թոշակների բարձրացումը նպաստ ստանալիս եկամուտն ավելի մեծ էր, քան այժմ կենսաթոշակներ ստանալիս է: Նրանց խնդիրներն էլ այս տարվա ընթացքում կլուծվեն: Աղվան Վարդանյանը հայտնեց, որ այժմ ընտանեկան նպաստ է ստանում 123 հազար ընտանիք` այս տարվա համար նախատեսված 116 հազար 500-ի դիմաց: 2007-ին նպաստառուների թիվը 124 հազար էր:
Կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ գների թանկացման հարցին անդրադառնալով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ այդ ուղղությամբ կառավարությունը միշտ քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, գազի սակագների սուբսիդավորման դադարեցումը նկատի ունենալով, դեռ տարեսկզբին կառավարությունն անապահով ընտանիքներին սուբսիդավորելու համար պետբյուջեում 1,2 մլրդ դրամ է առանձնացրել:
Ա. Մ.