Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց Չինաստանի տրամադրած 13 մլն յուան կամ 490 մլն դրամ կազմող դրամաշնորհով ձեռք բերված գյուղտեխնիկան տնօրինելու կառավարության ընդունած կարգի մասին: Նա նշեց, որ սա արդեն 5-րդ նման դրամաշնորհն է, որի դիմաց Չինաստանից ստացվելու է 50 տրակտոր, ինչպես նաեւ այլ գյուղտեխնիկաՙ կոմբայններ, կցասայլակներ եւ այլն: Ողջ տեխնիկական միջոցներն իրացվելու են բաց աճուրդով, որոնց մեկնարկային գները նույնպես հաստատվել են կառավարության կողմից: 1 միավոր տրակտորի եւ կցվող գյուղգործիքների համար մեկնարկային նվազագույն գինը սահմանվեց 2,5 մլն դրամ, եգիպտացորենահավաք կոմբայնի գինը` 6 մլն դրամ, հատիկընդեղենահավաք կոմբայնի գինը` 5,5 մլն դրամ, կցասայլակի գինը` 0,4 մլն դրամ եւ այլն:
Աճուրդում կիրառվելու են մի քանի սահմանափակումներՙ թույլ չտալու տեխնիկայի դուրսբերումը Հայաստանից: Տեխնիկան Հայաստանի քաղաքացիներին տրամադրվելու է շուկայականից 2,5-3 անգամ ցածր գներով, եւ հնարավոր է, որ ցանկություն առաջանա այն Հայաստանից արտահանել եւ վաճառել շատ ավելի բարձր գնով: Հաջորդ սահմանափակումն այն է, որ վերոնշյալ գյուղտեխնիկան կարող են ձեռք բերել միայն սեփականաշնորհված հող ունենալու վերաբերյալ տեղեկանք ներկայացնողները:
Չինաստանի տրամադրած միջոցներով գյուղտեխնիկայի անհրաժեշտությունը Սամվել Ավետիսյանը հատկապես կարեւորեց, նկատի ունենալով, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում ընդլայնվելու են եգիպտացորենի մշակման տարածություններըՙ տեղում այդ մշակաբույսի արտադրությունը զարգացնելու համար: Այս նպատակն իրագործելու համար մի շարք այլ ծրագրերով եւս գյուղտեխնիկա է ներկրվում Հայաստան, իսկ առաջիկայում նախատեսվում է նաեւ ճապոնական դրամաշնորհներով գյուղտեխնիկայի ներմուծում Հայաստան:
Գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ Վանաձորում գործող հայ-չինականՙ Չինաստանից գյուղտեխնիկայի պահեստամասերի միջոցով գյուղտեխնիկայի հավաքմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը ներմուծվող գյուղտեխնիկայի պատճառով չի վտանգվի, քանի որ պահանջարկը շատ մեծ է, իսկ այդ ընկերության իրացման ծավալներըՙ փոքր:
Ա. Մ.