80000 դոլար մրցանակային ֆոնդ` գիտությանն ու ստեղծագործողներին
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստեղծման օրվանից Ռուսաստանի հայերի միությունը, այնուհետեւ նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում գիտության, արվեստի, կրթության զարգացմանը, այդ ոլորտների ներկայացուցիչների խթանմանը: Ստեղծագործական միությունների եւ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարված մրցանակաբաշխության առնչությամբ գրողների միությունում հրավիրված ասուլիսում երեկ այս մասին նշեց ՌՀՄ եւ ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
Առաջին այդօրինակ օժանդակությունը 2000-ից ՌՀՄ-ն ցուցաբերում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ` այդ ծանր տարիներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն տրամադրելով ինչպես ակադեմիային, այնպես էլ հաստատության աշխատակիցներին: Այդ համագործակցությունը նոր որակ ստացավ 2007-ին, երբ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծեցին Գիտության զարգացման հիմնադրամը, որում առաջին ներդրումներն արել է ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը:
Վլադիմիր Աղայանի խոսքերով, ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում այնուհետեւ հայտնվեց Հայաստանի գրողների միությունը, որի հետ ստեղծվեց գրականության աջակցության հիմնադրամը` հիմնականում Արա Աբրահամյանի ներդրմամբ: Այս մոտեցումը ավելի լայն ու արդեն մրցութային տեսք ստացավ, երբ 2007-ին Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ գրողների եւ ժուռնալիստների միությունների հետ հայտարարվեցին ստեղծագործական մրցույթներ` Հայաստանում աննախադեպ մրցանակային ֆոնդերով:
Այս տարի որոշվել է եւս կազմակերպել մրցույթներ` գրողների եւ ժուռնալիստների միություններին հավելելով համատեղ մրցանակաբաշխությունը նաեւ կոմպոզիտորների ու երաժշտագետների, նկարիչների միությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ` ընդհանուր 80000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակային ֆոնդով:
ՀՀԿ եւ ՌՀՄ մրցույթների շարքում եւս մեկն իր շարունակությունը կունենա այս տարի` ավանդական «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով: Այն անց է կացվում ուսանողների եւ աշակերտների համար: Արդեն 4-րդ տարին հայտարարվող մրցույթի այս տարվա թեման էՙ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»: Լավագույն գրական ստեղծագործության ամենամյա այս միջազգային մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներին եւ աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ: Այս մրցույթը անց է կացնում ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն` ՀՀ կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ: Աշակերտների եւ ուսանողների համար նախատեսված այս մրցույթի 6 հաղթողներից յուրաքանչյուրը ավանդաբար կպարգեւատրվի համակարգիչներով:
Այս տարի մեկ այլ նախաձեռնություն կունենա իր շարունակությունը: Մասնավորապես, անցյալ տարի ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն նախաձեռնեցին մանկավարժական ընթերցումներ` որպես մեթոդական օգնություն սփյուռքահայ ուսուցիչներին: Տարեվերջին մանկավարժական ընթերցումների լավագույն աշխատանքները հրապարակվեցին առանձին ժողովածուով, ինչպես հրատարակվել էին «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով միջազգային 3-րդ մրցույթի լավագույն աշխատանքները:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, մրցույթների այսօրինակ նախաձեռնությունը շատ ողջունելի է, հատկապես այս օրերին, երբ տեսնում ենՙ ինչպես է ազգը տարանջատված, մինչդեռ մշակույթն ու գիտությունը դիտվում են որպես միավորող օղակ: Հայաստանի գրողների միությունն, ինչպես եւ նախորդ տարի, մրցույթը կանցկացնի «Հայը 21-րդ դարասկզբին» թեմայովՙ 2008 թ. անտպագիր գործերի (վեպ, արձակ) համար, մրցանակային ֆոնդը` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ըստ Անանյանի, մրցույթը նպաստում է նոր գործերի ստեղծմանը, յուրօրինակ արշավ է հանուն մեր արժեքների պահպանության:
ժուռնալիստների միությունն այս տարի մրցութային թեմա է ընտրել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» 2008-ի լրագրողական լավագույն հրապարակման համար, մրցանակային ֆոնդը` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի ներկայացմամբ, այս տարի մի քանի անվանակարգ է սահմանվել: Մասնավորապես, առանձին աշխատանքներ կարող են ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունը», «Ազգային միասնությունը` հայրենիքի հզորացման գրավական», «Ապրել Հայաստանով եւ Հայաստանի համար», «Ժողովուրդն է երկրի տերը, զինվորն ու մշակը», «Հոգեւոր հայրենիքի սահմանները» խորագրերի ներքո: Գեւորգյանի խոսքերով, այս մրցույթը գալիս է հաստատելու, որ ժուռնալիստիկան ունի շատ կարեւոր խնդիր` պահպանել մեր ժառանգությունը` հենվելով մշակույթի, կրթության ոլորտի մեր ավանդույթների վրա:
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պարագայում «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» խորագրով կոմպոզիտորական աշխատանքների եւ «Հայ երաժշտագիտության զարգացման նոր հեռանկարներ» խորագրով երաժշտագիտական ստեղծագործության համար հայտարարված մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ներկայացմամբ, Հայաստանի մշակութային վարքը անհանգստացնող դրսեւորումներ է ցուցաբերում, քանի որ շուկան է որոշում ճաշակը, թեկուզ այն օրինակով, որ այսօր բոլորը կամ գրեթե բոլորը երգում են: Բայց Ամիրխանյանի համար կա նաեւ ոգեւորիչ պահ այն իմաստով, որ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը ուշադրություն են դարձնում ստեղծագործողների խնդիրներին:
Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ՀՀԿ եւ ՌՀՄ համատեղ մրցույթը կլինի հայագիտության, հասարակական, բնական, ճշգրիտ, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմատիկայի բնագավառներում 2007-ին հրատարակված կամ արտերկրում արտոնագրված «Լավագույն գիտական աշխատանք»-ի համար, մրցանակային ֆոնդը` 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ասուլիսին մասնակից ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթեւոսյանի խոսքերով, բացի նախագահական պարգեւից, գիտության ոլորտում հայտարարվող այս մրցույթն առաջինն է:
Նկարիչների միությունը եւս կանցկացնի իր մրցույթը` «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով, որի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ չորս անվանակարգերում` գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ դեկորատիվ արվեստ:
Ստեղծագործական միությունների հայտարարած մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն տվյալ կազմակերպությունների անդամները: Նյութերի ներկայացման վերջին ժամկետըՙ մինչեւ 2009 թ. հունվարի 31-ն է:
Վլադիմիր Աղայանը ասուլիսի ավարտին հույս հայտնեց, որ մյուս գործարարները եւս կմասնակցեն մրցանակաբաշխությանը: Աղայանը նշեց նաեւ հայաստանյան լրատվամիջոցների անտարբերությունը նման հարցերում: