«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


ՇՈՒՇԻՆՙ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Շուշի, Կոնստանդնուպոլիս, Թիֆլիս. քաղաքներ, որոնք եղել են 19-րդ դարի մշակութային կենտրոններ: «Շուշի» հիմնադրամը պեղումներ է արել բերդաքաղաքում եւ հայտնաբերվել է հին բրոնզեդարյա 200 դամբարան, հաշվառվել մոտ 520 հուշարձան:

16 տարի է անցել Շուշիի ազատագրման օրվանից: Քաղաքը զարգացնելու, վերականգնելու գործընթացների ուղղությամբ «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը այնքան էլ գոհ չէ:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված գրող-հրապարակախոսը նշեց, որ 3000 տարվա պատմություն ունեցող քաղաքի զարգացումն այսօր զբոսաշրջության մեջ է տեսնում: Աշխատանքներ են տարվում վրանային, արշավային ճամբարներ ստեղծելու ուղղությամբ: Այս տարի ակնկալվում է 30-40 հազար պատանիների այց պատմական քաղաք` ավելի լավ ճանաչելու այն: Ըստ Կարապետյանի` Շուշին այսօր մշակութային կենտրոններից մեկը պետք է դառնա աշխարհում:

«Կարեւոր շինություններ այսօր էլ քանդվում են. ոչ թե քամու, բնության կողմից, այլ մարդկանց: Շուշին միակ բերդաքաղաքն է` գործող բերդաքաղաքներից, որ այսօր մնացել է հայի ձեռքին», ասում է Բակուր Կարապետյանը:

Շուշիում` ըստ Բակուր Կարապետյանի, վերականգնված են ճարտարապետական, պատմական շինությունները, իսկ ոչ պակաս կարեւոր խնդիրներից են զբոսաշրջիկների համար կառուցվելիք ճաշարաններն ու արեւելյան բաղնիքները: Ինչ վերաբերում է քաղաքի սոցիալ- տնտեսական պայմաններին, բանախոսի խոսքերով միայն պետական ապարատի ներկայացուցիչն է ստանում աշխատավարձ: «Շուշիի նկատմամբ պետք է վերաբերմունքը փոխվի. կիսատ է մնացել այսօր Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը` 20 տոկոսը չի կառուցվել. փոքրիկ կառույցներով ոչինչ չի փոխվի», իր մտահոգությունը հայտնեց Կարապետյանը:

Ծրագրերը շատ են Շուշին զարգացնելու ուղղությամբ. հատակագիծն է կազմվել, բարեգործական ծրագրերով որոշ կառույցներ են ստեղծվել, սակայն Բակուր Կարապետյանի կարծիքով ծրագրեր կազմելն ուրիշ բան է, իրագործելն` ուրիշ. «Հիմնադրամը սկզբում մշակել էր ծրագիր` Շուշիի մշակութային ժառանգության ուսումնասիրման ուղղությամբ: Առանց այս ծրագրի իրականացման չի կարելի Շուշիում մի բան կառուցել: Լուսանկարեցինք բոլոր հուշարձանները, կազմեցինք քաղաքի ընդհանուր հատակագիծը, փոքրիկ ալբոմ պատրաստեցինք` ներառելով ողջ շինություններն ու արձանները»:

Բանախոսի կարծիքով, չի կարելի բարեգործական հիմնադրամը վստահել պետական պաշտոնյայի. «Մանավանդ գիտենք, որ պաշտոնյաները բյուրոկրատական համակարգում են: Բարեգործությունը աշխարհում համարվում է հինգերորդ բիզնես. իրավունք չունենք հանդես գալ այդպիսի բիզնեսի շրջանակներում»: Հիմնադրամը ստեղծել է «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարը, որտեղ ներկայացված են շարժման, ջոկատների կազմավորման, պատերազմի մասնակիցների մասին զրույցներ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4