«Եթե անդրադառնանք մեր ազգային հոգեբանությանը եւ մենթալիտետին, բոլոր որոշումները պիտի կատարենք հայի վերջին խելքով, որովհետեւ առաջին խելքի մեջ շատ են հույզերը, աֆեկտները, որոնք խանգարում են ավելի ճշգրիտ եւ հիմնավորված լուծում ընդունելուն», կարծում է հոգեբույժ, նարեկաբուժության մասնագետ Արմեն Ներսիսյանը: Նա խոսում է նորընտիր կառավարության այն մտայնության մասին, թե մեր հասարակությունը պիտի փոխվի: «Փոխվելու համար պիտի ինքնաճանաչման գանք, այլապես համարում ենք, որ մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ ճիշտ, լավ ենք անում», կարծում է «Հայելի» ակումբի երեկվա հյուրը: Նման վարքը հոգեբույժը կապում է անլիարժեքության բարդույթների հետ, որոնք ե՛ւ պատմական անարդարությունների, ե՛ւ ներքին բախումների հետեւանք են: Դրանցից ձերբազատվելու համար հոգեբույժն առաջարկում է «գործողությունների» հստակ դեղատոմս. «Ճանաչել, մաքրվել, միավորվել, դուրս գալ սթրեսից: Պետք է մարդու հոգեբանությունը, մոտեցումն ու աշխարհայացքը փոխվեն, բայց դա ծրագրային խնդիր է: Մենք պիտի սկսենք իրար լսել-հասկանալ-սիրելուց, բայց նախ պիտի յուրաքանչյուրս իրեն սիրի, ոչ թե ինքնամերժումից բարդույթավորված գոռոզանանք, մեծամտանանքՙ թաքցնելով մեր իսկական կարծիքը մեր մասին: «Մեր ինքնագնահատականը ցածր է, որը որպես պաշտպանական մեխանիզմ բերում է բարձր ինքնագնահատության` գոռոզության, դրա համար էլ շատ ենք եսակենտրոն դառնում: Այս բոլորը սթրեսների հետեւանք են, պետք է օբյեկտիվորեն հասկանանք` ինչպիսին ենք ու սկսենք, այո, սովորել: Մենք շատ խոսում ենք, բայց ինքնամաքրման եւ կատարելագործման մասին չենք մտածում»: Հոգեբույժը ինքնամաքրման եւ դեպրեսիայից դուրս գալու արդյունավետ եղանակներից մեկն է համարում նարեկաբուժությունը, որը ոչ միայն մեր, այլեւ ամբողջ մարդկության համար է:
Առաջին քայլերից մեկի` ինքնաճանաչման համար հյուրը հիշեցրեց, որ մենք վախենում ենք ուրախանալուց, դրա համար էլ ասում ենք. «Շատ չուրախանանք, որ լաց չլինենք»: Մենք գենետիկորեն ծեծված, ջարդված, դեպրեսիա կրող ազգ ենք: Մեզ հակացուցված են խոր ցնցումները, որոնք խորացնում են դեպրեսիան: Ի դեպ, դեպրեսիան երեւում է սկզբում` հոգեկանում, իսկ երկար ժամանակ հետո` մարմնական հիվանդությունների ձեւով` ճնշում, խոց, հոդացավ եւ այլն: Շատ կարեւոր է, որ այդ մասին իմանան մեր քաղաքական գործիչները, որ չխորացնեն ժողովրդի դեպրեսիան: Մեզ ցավեցնել չի կարելի, ցավը մեզ գցում է հուսահատության մեջ, որովհետեւ մեր ենթագիտակցության եւ բնավորության մեջ բոլորս էլ ջարդի հետեւանքները կրում ենք», ասում է Ա. Ներսիսյանը:
Մի ուրիշ ուշագրավ դիտարկում եւս: «Հայերիս հոգեբանության մեջ չկա «մենքը», կա «եսը» («եղունգ ունես` գլուխդ քորի»): Մեր դարեր ունեցած պետականության կորուստը առաջացնում է էթնոհոգեբանական ռեգրես, ազգը հետ է գնում: Այդ պատճառով էլ, չնայած մենք լավ օրենքներ ունենք, մեզ համար դժվար է օրենքներին ենթարկվելը: Սա կրթական խնդիր է, որ պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից», համոզված է բանախոսը:
«Ազգի հոգեբանական առողջությունն ամենակարեւոր խնդիրն է, -ընդհանրացրեց հյուրը,- քանի որ դա մեզ խանգարում է համագործակցելու, շփվելու, առաջ գնալու: Բացառություն են ծայրահեղ իրավիճակները, երբ մենք համախմբվում ենք: Դրանից հետո մենք նորից դառնում ենք եսակենտրոն անհատ: Մենք շատ լավ համախմբվում ենք պարերի ժամանակ»: Ա. Ներսիսյանի կարծիքով մենք ենթագիտակցորեն ուզում են միասին լինել, բայց իրականում բոլորը միայն խոսում են: Իսկ գործնականում անհնար է որ, ասենք, մայիսի 9-ին բոլոր կուսակցությունները միասին քոչարի պարեն: Ճիշտ է, շուրջպար եղել է, բայց դա կուսակցություններով չի արվել: «Էս ամեն ինչը պիտի էությամբ գնա, միայն ձեւով չի լինում», ասում է հոգեբույժը: Նրա կարծիքով, պիտի լինի մի ծրագիր, որը ազգի հոգեբանական առողջացման խնդիրը կլուծի: Եվ ինչքան էլ ղեկավար կուսակցություն եւ իշխանություն փոխվեն, այդ ծրագիրը պիտի փոփոխության չենթարկվի: Ի դեպ, նման ծրագիր բանախոսը կազմել եւ ներկայացրել է արդեն նախկին նախարարներից մեկին, բայց բացի շնորհավորանքից, ոչ մի գործնական արձագանք չի եղել:
Արմեն Ներսիսյանը գտնում է, որ մենք դեռ դեպրեսիայի մեջ ենք եւ ներքին ու արտաքին աշխարհների հետ բախումներն ու հոգեբանական ընկճվածությունը հաղթահարելու համար պետք է գիտակցենք, որ մենք դեպրեսիայի մեջ ենք, ապա ազատվենք բարդույթներից:
«Մենք սովոր չենք հավատալու ապագային, լավատես լինելու, մինչդեռ միայն լավատեսությունը կհանի մեզ դեպրեսիվ վիճակից», որպես թերապեւտիկ վերջաբան պարզում է Ա. Ներսիսյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ