«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՎԻՃԱՐԿԵՆ ԳԱՎԱԹԸ

Այսօր Իջեւանի նորակառույց մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի գավաթը կվիճարկեն Երեւանի «Արարատն» ու «Բանանցը»: Խաղը ուղիղ հեռարձակմամբ ժամը 17-ից կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի գավաթի եզրափակիչում հանդիպում են «Արարատն» ու «Բանանցը»: Գավաթի խաղարկություններում սա 2-րդ դեպքն է, որ երկու տարի անընդմեջ եզրափակիչում մրցում են միեւնույն թիմերը: Առաջին անգամ նման դեպք պատահել է 1993-94-ին, երբ գավաթը վիճարկեցին «Արարատն» ու «Շիրակը»: Երկու դեպքում էլ հաջողությունն ուղեկցեց արարատցիներին (3-1, 1-0), որոնք նվաճեցին պատվավոր մրցանակը: «Արարատը» եւս երկու անգամ դրանից հետո պատվո շրջան է կատարել բյուրեղապակյա մրցանակով: 1995-ին Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Արարատը» եզրափակիչում 4-2 հաշվով հաղթելով «Կոտայքին», 3-րդ տարին անընդմեջ նվաճեց գավաթըՙ սահմանելով յուրօրինակ ռեկորդ: Երկու տարի անց հաջողությունը կրկնեց Արկադի Անդրեասյանը, որի գլխավորությամբ «Արարատը» վճռորոշ խաղում հաղթեց «Փյունիկին» (1-0):

Ինչպես տեսնում ենք, «Արարատի» գավաթային նվաճումներն արձանագրվել են անցյալ դարի 90-ականներին: Իսկ ահա 21-րդ դարում գավաթը նվաճելու արարատցիների երկու փորձերն էլ անհաջողության են մատնվել: 2001-ին «Արարատը» եզրափակիչում մրցեց «Միկայի» հետ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ-ոքի (1-1), իսկ 11 մ հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք էլ դարձան գավաթակիրներ: Անցած մրցաշրջանում էլ «Բանանցը» չթողեց «Արարատին» գավաթակիր դառնալ: Այդ խաղում առաջին խաղակեսում արարատցիները առավելություն ունեին եւ Մարկոսի հարվածի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան: Սակայն ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացավ, ինչին նպաստեցին նաեւ «Արարատի» կազմում Մարկոսի եւ Ռենատոյի փոխարինումները: Արդյունքում 80-րդ րոպեին Մուրադյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Իսկ լրացուցիչ ժամանակում «Բանանցը» կարողացավ իրացնել թվային առավելությունը եւ Արամ Բարեղամյանի ու Սեմյոն Մուրադյանի խփած 2 գոլերի շնորհիվ նվաճեց գավաթը:

Դա «Բանանցի» երկրորդ հաջողությունն էր գավաթի մրցաշարերում: Իսկ առաջին հաջողությանը թիմը հասել էր գավաթի անդրանիկ խաղարկությունում: 1992-ին «Բանանցը» եզրափակիչում, շնորհիվ Արա Նիգոյանի եւ Աշոտ Ավետիսյանի խփած 2 գոլերի, հաղթեց ՀՄԸՄ-ին (ներկայիս «Փյունիկին»): Ի դեպ, այդ տարի էլ հենց կայացել է «Արարատի» եւ «Բանանցի» գավաթային առաջին հանդիպումը: 1/8 եզրափակիչ խաղում «Բանանցը» հաղթեց 2-0 հաշվով: Թիմերի հաջորդ մրցավեճը տեղի է ունեցել 1994-ին, կիսաեզրափակիչում: Երկու հանդիպումների արդյունքով (2-0, 2-2) եզրափակիչի ուղեգիր նվաճեցին արարատցիները:

Բնականաբար, երկու թիմերն էլ մարտականորեն են տրամադրված վճռորոշ հանդիպմանը: Արարատցիներն առաջնությունում հիանալի են մեկնարկելՙ շահելով բոլոր չորս խաղերը: «Բանանցն» առայժմ կայուն ելույթներով աչքի չի ընկնում, թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Թիմերի միջեւ վերջերս կայացած առաջնության խաղում 1-0 հաշվով հաղթել է «Արարատը»: Սակայն դա դեռ չի նշանակում, թե գավաթի խաղում էլ արարատցիների հաջողությունն ապահովված է:

Երկու թիմերն էլ գավաթային համբավ ունեն: «Արարատը» քառակի գավաթակիր է, «Բանանցը»ՙ կրկնակի: Եթե արարատցիներին հաջողվի հաղթել, ապա թիմը 5-րդ անգամ կնվաճի գավաթը եւ այդ ցուցանիշով կհավասարվի ռեկորդակիր «Միկային»: Իսկ «Բանանցի» հաջողության դեպքում 2-րդ տարին անընդմեջ գավաթը կհյուրընկալվի Սարգիս Իսրայելյանի ղեկավարած ակումբում:

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր է: Նրա գլխավորած թիմերը 3 անգամ նվաճել են գավաթը: 1992-ին նա գավաթային բարձունքի էր հասցրել «Բանանցին», իսկ 1998-99-ին գավաթակիր էր դարձել Արարատի «Ցեմենտը»:

«Արարատն» ու «Բանանցը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել են քառորդ եզրափակիչից: Արարատցիները առաջին խաղում պայքարից դուրս են մղել «Ուլիսին» (0-1, 2-0), այնուհետեւ առավելության են հասել «Փյունիկի» նկատմամբ (2-1, 3-0): «Բանանցն» առավելության է հասել «Շիրակի» (1-0, 0-1, 6-5ՙ 11մ) եւ «Միկայի» (3-1, 2-0) նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4