Սոֆիայում մեկնարկել է շախմատի M-Tel Masters 4-րդ մրցաշարը, որի վեց մասնակիցների թվում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա իր վարկանիշով (2763) զիջում է միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին (2767): Մյուս մասնակիցներն են ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2751), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2740), չին շախմատիստ Բու Քսյանջին (2708) եւ բուլղարացի Իվան Չեպարինովը (2695): Մրցաշարը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2737 է: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով:
Վիճակահանությամբ Արոնյանին մրցաշարում բաժին է հասել 1-ին համարը, ուստի մեկնարկային տուրում նա սպիտակներով մրցեց Վեսելին Թոփալովի հետ, որը 6-րդ համարն է:
Այս տարի սպիտակներով Թոփալովի հետ անցկացրած երեք պարտիաներն էլ Արոնյանը շահել էր: Սակայն Սոֆիայում նա 60-րդ քայլին ստիպված էր ընդունել պարտությունը: Պարտություն կրեց նաեւ սպիտակներով խաղացող Թեյմուր Ռաջաբովը` զիջելով Վասիլի Իվանչուկին: Չեպարինով-Քսյանջի պարտիան ավարտվեց սպիտակների հաղթանակով:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Չեպարինովի հետ: Կկայանան նաեւ Թոփալով-Իվանչուկ, Քսյանջի-Ռաջաբով պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ