Միանձնյա հաղթողըՙ Արման Փաշիկյան
Գյումրիում ավարտված շախմատի միջազգային բավական ուժեղ, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 10-րդ կարգի մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող 5 գրոսմայստերներ ու 6 միջազգային վարպետներ, իսկ Գյումրու ներկայացուցիչ Դավիթ Քալաշյանին միջազգային վարպետի կոչման համար մնում է միայն ՖԻԴԵ-ի պաշտոնական որոշումը: Հինգ միջազգային գրոսմայստերներն էլ ի վերջո գրավեցին առաջին հինգ տեղերը:
Մրցաշարի ողջ ընթացքում մեծ վերելքով հանդես եկավ եւ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, ընդսմին չկրելով ոչ մի պարտություն, հաղթողի կոչումն ու սահմանված առաջին մրցանակն արժանիորեն նվաճեց երեւանցի միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Երրորդ տուրից հետո, երբ նա մասնակիցներից ամենաբարձր` 2622 անհատական գործակիցն ունեցող վրաց գրոսմայստեր, Վրաստանի շախմատային հավաքականի անդամ Թամազ Գելաշվիլու հետ կիսում էր առաջին եւ երկրորդ տեղերը, մեր մարզիկն արդեն չորրորդ տուրում առաջ անցավ ու ոչ միայն մինչեւ վերջ այլեւս չզիջեց միանձնյա առաջատարի իր դիրքը, այլեւ վերջնարդյունքով ամբողջ 2 միավորով հետ թողեց մրցանակային հաջորդ երկու տեղերը գրաված Գելաշվիլուն ու Վրաստանի մյուս ներկայացուցիչ, մեր հայրենակից Գիորգի Բագատուրովին: Վերջիններս վաստակեցին հավասար` 7-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով երկրորդ տեղին արժանացավ Բագատուրովը:
4-5-րդ տեղերը 6,5-ական միավորով կիսեցին ռուսաստանցի Եվգենի Վորոբյովն ու ուկրաինացի Ալեքսանդր Զուբարեւը: 6-րդ հորիզոնականը զբաղեցրած միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանի արդյունքը նրանցից 1 միավորով պակաս էր:
Գյումրեցի միակ միջազգային գրոսմայստեր Արա Մինասյանը մրցաշարին չէր մասնակցում, իսկ Դավիթ Քալաշյանը անհամեմատ փորձառու մրցակիցների հետ պայքարում 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ 3-ում պարտվեց: Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի սահմանած խրախուսական մրցանակներից նրան հասավ մրցաշարի ամենահամառ շախմատիստի մրցանակը: «Գրոսմայստերների դեմ խաղում լավագույն արդյունք ցուցաբերած միջազգային վարպետ» մրցանակին արժանացավ մրցաշարի ամենակրտսեր մասնակից Հրայր Սիմոնյանը: Սփոփանքի մրցանակ հանձնվեց Ռուսաստանը ներկայացնող, ամենաքիչ միավորները հավաքած Արթուր Գաբրիելյանին, ով մինչեւ 12 տարեկանն ապրելով Հայաստանում, այնուհետեւ մեկնելով Ռուսաստան, 14 տարի չէր եղել Հայաստանում եւ սա, ինչպես նշեց, իր համար հայրենիք այցելելու լավ հնարավորություն էր:
Հանրապետության երկրորդ քաղաքում այսպիսի մրցաշար անցկացվում էր առաջին անգամ: «Ես վստահ եմ,- ասաց կազմակերպիչ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ շախմատային ակադեմիայի նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը,- որ այս մրցաշարով շատ երեխաներ լիցքավորվեցին, ոգեւորվեցին եւ ապագայում դա մեծ ներդրում կլինի իրենց մտածելակերպի ու ձգտումների մեջ: Հավատում եմ, որ այսպիսի մրցաշարերն են հիմնականում զարգացնում շախմատը, բերում նոր արժեքներ բնակչության մտածելակերպի մեջ, եւ սրանցով է տարածքը դառնում շախմատային»:
Հանդիսավոր փակման ժամանակ հույս հայտնվեց, որ մրցաշարը Գյումրիում շարունակություն կունենա եւ կդառնա ավանդական:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ