«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2008-05-09 | #89, 2008-05-10 | #90, 2008-05-13


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ԱՄՆ պետքարտուղարությունը ամեն տարի ամփոփում է իր գնահատականըՙ Հայաստանում թրաֆիկինգի դեմ տարվող աշխատանքների ուսումնասիրություններից հետո: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքէջից, պետքարտուղարությունը, մինչ Հայաստանի մասին տարեկան զեկույցը, տվել է միջանկյալ գնահատում, թրաֆիկինգի դեմ տարվող աշխատանքի մասին, որը մեր ընթերցողներին ենք ներկայացնում առանց կրճատումների:

Մարդկանց թրաֆիկինգի մասին 2007-ի զեկույցի հրապարակումից ի վեր ՀՀ կառավարությունը նվազագույն առաջընթաց է ունեցել մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի իր աշխատանքներում: Հարկ է հատկապես հիշատակել, որ քայլեր չեն ձեռնարկվել թրաֆիկինգին առնչվող կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Կառավարությունը շարունակել է քրեական հետապնդում իրականացնել, հետաքննել ու դատապարտել թրաֆիկինգ իրականացնողներին` առաջնորդվելով երկրի հակաթրաֆիկինգային օրենսդրությամբ: Գլխավոր դատախազությունը կանոնավոր կերպով իր կայքում զետեղում է հանցավորության մասին հաղորդումներ, որոնք պարունակում են վիճակագրական ու մանրամասն տվյալներ թրաֆիկինգին առնչվող հանցագործությունների վերաբերյալ: Կառավարությունը շարունակել է քայլեր չձեռնարկել մարդկանց թրաֆիկինգին առնչվող պաշտոնեական հանցակցության առնչությամբ ու գործուն կերպով չի հետաքննում ու չի իրականացնում քրեական հետապնդում մարդկանց թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի մասով:

Պետական գերատեսչությունները թրաֆիկինգի ավելի շատ զոհերի են ուղղորդել դեպի զոհերին աջակցող համապատասխան հասարակական կազմակերպություններ, սակայն հակաթրաֆիկինգային հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել: Կառավարությունը դեռ չի մշակել ուղղորդման ազգային մեխանիզմ, չնայած 2007-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ: 2007-ի դեկտեմբերին կառավարությունը հավանություն տվեց 2007-2009թթ. ընթացքում մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրին, ու բարձրացվեց հակաթրաֆիկինգային միջգերատեսչական հանձնաժողովի կարգավիճակը` դառնալով փոխվարչապետի նախագահությամբ գործող հակաթրաֆիկինգային նախարարական խորհուրդ: Կառավարությունը մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել պետության խնամքին հանձնված ծնողազուրկ երեխաների համար, որոնք առավել խոցելի խմբերից են: 2007-ի սեպտեմբերին արտաքին գործերի նախարարությունը մեկ միջազգային կազմակերպության հետ համատեղ անցկացրել է հակաթրաֆիկինգային իրազեկման սեմինար, որին հաջորդել են հաղորդումներ լրատվամիջոցներում` պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4