Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի` ռադիոկայանը գործում է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ շաբաթ օրը, առավոտյան դարձել է ընդդիմադիր «Հըզբոլլահ» շարժման զինյալների թիրախը: Նրա խոսքով, «Սեւան» ռադիոկայանը կուսակցականապես անկախ է, սակայն Սաադ Հարիրի շարժման հովանավորությունն ունի, պատասխանատուն Արա Սիսեռյանն է, որը, «Ազգ»-ի տվյալներով, Հարիրիի կազմակերպությունում «հայկական հարցերի» պատասխանատուն է: Շաբաթ օրը, առավոտյան ժամը 5-ին, «Հըզբոլլահի» զինյալները մտել են եւ այրել ռադիոկայանը: Հիմա հեռարձակումը վերականգնված է, հաղորդում է Արմենպրեսը: