«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2008-05-09 | #89, 2008-05-10 | #90, 2008-05-13


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

2007-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովներում պաշտպանության նախարարության ծախսերի մասով սովորաբար փակ է լսվում: Այդ նիստից առաջ լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույց ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը խոսեց ոչ միայն կատարողականի մասին: Ըստ նրա` ՊՆ համակարգի 2007 թվականի պահպանման ծախսերով բյուջետային հատկացումները կատարվել են լրիվ: Ինչպես նախորդ տարիներին, 2007-ին եւս ծախսային ծրագրեր են իրականացվել մարտական պատրաստվածության, ինչպես նաեւ մարտունակության վիճակի ապահովման, ռազմական եւ տեխնիկական այլ միջոցների համալրման եւ շահագործման, զորքերի բնակարանային պայմանների եւ առողջության պահպանման համար եւ այլ ուղղություններով: 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինծառայողների եւ աշխատողների դրամական ապահովման եւ աշխատավարձերի չափերն աճել են շուրջ 20 տոկոսով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը քննարկումների ժամանակ ասել էր, թե ի տարբերություն Ադրբեջանի, որը տարեցտարի ավելացնում է իր ռազմական ծախսերը, Հայաստանում հենց 2007-ին ավելացված եկամուտներն ուղղել են կրթության ու գիտության ոլորտ, արդյոք նախարարը չի՞ առաջարկելու ավելացնել ռազմական բյուջեն. «Մենք գիտենք, որ Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է ռազմական ծախսերը, եւ մեր ռազմական ծախսերն էլ, ի տարբերություն անցած տարվա, ավելացել են: Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծախսերը բավարարեն բանակի պահանջները»: Տոկոս չասաց` ընթացիկ աշխատանքի, տարվա վերլուծության արդյունքում կերեւա:

Ավելացումների համաչափության տրամաբանությունը համարժե՞ք է Ադրբեջանի տարեցտարի ավելացումներին, հետաքրքրվեց «Ազգը». «Ադրբեջանի ծախսերի ավելացմանն, իհարկե, մի կողմից մտահոգությամբ ենք վերաբերվում, բայց, մյուս կողմից, սա է իրողությունը, եւ պետք է այնպես անենք, որ որակական չափանիշներով մենք պահպանենք հավասարակշռությունը», ասաց նախարարը:

Ի՞նչ է լինելու ՀՀ քաղաքացիների ճակատագիրը, որոնք Նախիջեւան են անցել. «Ես ասել էի` համապատասխան աշխատանք կատարելուց հետո նրանք հետ կվերադարձվեն. մեկ տվյալ մենք ունեցել ենք` դեռեւս մեկ շաբաթ առաջ պետք է վերադարձնեին, բայց տեղեկացրին, որ նախարարությունում համապատասխան աշխատանք պետք կատարվի` հետո վերադարձվեն: Կա պայմանավորվածություն` նրանց հետ վերադարձնելու»: «Նախորդ անգամ չկա՞ր պայմանավորվածություն» ճշտմանն ի պատասխան նախարարը նկատեց, որ, իհարկե, կար, բայց հիմա «փոխել ենք պայմանավորվածությունը»:

Հրադադարի ստորագրման 14-րդ տարեդարձի առթիվ նախարարը նկատեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հրադադարը շարունակվի, եւ մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցը տրամաբանական ավարտ ունենա եւ ամեն ինչ լուծվի խաղաղ պայմաններում: Նրա գնահատմամբ` այսօր Հայաստանի սահմանների մոտ իրավիճակի սրման իրադրություն չկա:

Հնչեց հարց, թե արդյոք մարտի 1-ին զինված ուժերի ստորաբաժանումները զենք ունեցե՞լ են. «Մարտի 1-ին զինված ուժերի ստորաբաժանումները պետք է ընդգրկված լինեին իրադրության պահպանման գործում` մշտական տեղակայման վայրերում, կենտրոնացման շրջաններում եղել են զենքով»:

Հարց առաջացավ` իսկ հրապարակո՞ւմ, բուն գործողությունների` բախման ժամանակ. «Բախման ժամանակ, իհարկե, զենք ունեցել են, բայց դրանք չեն կիրառվել»: Այս խոսքով նախարարը գնաց փակ նիստին մասնակցելու, իսկ ահա ՊՆ մամուլի պատասխանատու Սեյրան Շահսուվարյանը հարկ համարեց լրացնել, որ զորքը Երեւան է մտել արդեն արտակարգ վիճակի պայմաններում, կանգնած էր եղել «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց եւ Պարոնյան փողոցի վերեւի հատվածում, մնացած մասերում եղել է ներքին զորքը, ինչը բոլորն էլ շատ լավ գիտեն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4