«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2008-05-09 | #89, 2008-05-10 | #90, 2008-05-13


ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ

Պտղնիում ապրիլի 22-ին իր դեմ կատարված մահափորձը, ըստ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, «Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունն է»: Ինչպես մայիսի 12-ի ասուլիսում հայտնեց քաղաքագետը, իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին ձերբակալվել է հանցագործներից մեկը, որի ցուցմունքներով հաստատվում է իր վարկածը: «Պատվերը գալիս է Ադրբեջանից: Մահափորձի պատվիրատուները, կատարողները եւ օժանդակողները ՀՀ քաղաքացիներ չեն», ասել է Լ. Մելիք-Շահնազարյանը: Քանի որ գործի քննությունը շարունակվում է, ուստի նա մանրամասներ չի հրապարակել, միայն նշելով, որ խոսքը լուրջ հանցախմբի մասին է: Լ. Մելիք-Շահնազարյանը իր դեմ կատարված մահափորձի համար մեղադրում է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւին, քանի որ, ըստ նրա, որեւէ պետության հատուկ ծառայություն չի համարձակվի նման գործողություն կատարել ուրիշ պետությունում` առանց պետության առաջին դեմքի կարգադրության կամ համաձայնության: Նա հայտարարեց, որ գործը լրիվ բացահայտվելուց հետո ինքը դատի է տալու Ի. Ալիեւին: Քաղաքագետի խոսքերով, մահափորձի դրդապատճառը, ամենայն հավանականությամբ, «Ղարաբաղսկի էքսպրես» ամսագրում վերջերս հրապարակված իր հոդվածն է, որում, մասնավորապես, նա ներկայացրել է Ի. Ալիեւի ոչ օրինական ճանապարհով նախագահ դառնալու որոշ մանրամասներ: Լ. Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, իր դեմ կատարված մահափորձը վկայում է, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել եթե ոչ Հայաստանին, ապա հայ քաղաքագետներին, ժուռնալիստներին: Եվ, նրա կարծիքով, ինքը միակը չէ, ում դեմ փորձելու են մահափորձ կատարել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4