«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2008-05-09 | #89, 2008-05-10 | #90, 2008-05-13


«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, որոնք հնչել էին վերջինիս կողմնակիցների համաժողովին: Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգի» կայքի լրատվության բաժնում, որտեղ տեղակայել էինք նաեւ առաջին նախագահի ելույթը:

- Տեր-Պետրոսյանը հատուկ ուշադրություն է դարձնում իր` «տնային կալանքի» տակ գտնվելու փաստին: Ինչո՞վ դա կարելի է բացատրել:

- Տնային կալանքի վարկածն օդի պես պետք է Տեր-Պետրոսյանին: Առանց դրա անհնարին է արդարացնել իր բացակայությունը քաղաքապետարանին հարող հրապարակում մարտի 1-ին: Պնդում եմ, որ ոչ մի տնային կալանք չի եղել: Ավելին, Հայաստանի օրենսդրությունը նման իրավական ռեժիմ չի նախատեսում: Տեր-Պետրոսյանին ուղղակի ասվել էր, որ նա կարող է գնալ ուր ցանկանում է եւ երբ ցանկանում է, սակայն անթույլատրելի է պահպանության սպաների մասնակցությունը անօրինական հանրահավաքներին, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների: Ի դեպ, պատասխանատու տղամարդն այդպես էլ կվարվեր: Պետական պահպանության ծառայության մասնակցությամբ հեղափոխություն չեն անուն: Ի՞նչ է, նա ուզում էր գնալ այնտեղ եւ նրան ուժով հե՞տ բերեցին: Թող ասի, ո՞վ է դա արել: Թող դիմի դատախազություն: Տեր-Պետրոսյանի թիկնազորը կազմված է նրան հավատարիմ մարդկանցից, որոնց թողել էին իր հետ իր իսկ խնդրանքով: Թիկնազորի ղեկավարը նրա ընտանիքին մոտ կանգնած մարդ է: Բոլորին հայտնի է, որ նրանք ընդամենը անվանականորեն են գրանցված պետական պահպանության ծառայությունում: «Տնային կալանքի» թեման պետք է ուշադրության առարկա դառնա ինչպես դատախազության, այնպես էլ ստեղծվելիք հանձնաժողովի համար: Եթե ինչ-որ մեկն ի պաշտոնե հանցագործություն է կատարել, թող պատասխան տա օրենքի առջեւ: Տնային կալանքի առասպելը պատասխանատվությունից խուսափող վախկոտ մարդու արդարացում է: Ես արդեն նախագահ չեմ եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4