«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2008-05-09 | #89, 2008-05-10 | #90, 2008-05-13


ԲԱՐՁՐ ՁՈՂԱՆԻՇ` 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը երեկ ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացնում էր 2007-ի ոստիկանության ծախսերի պատկերը, «Ժառանգության» պատգամավորը նրան հարց ուղղեց. արդյոք անցած տարվա մեջ նախատեսվա՞ծ էին վերազինման համար բավարար ծախսեր, որպեսզի արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած հատուկ միջոցների պակասից կամ անսարքությունից մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 7 քաղաքացիական զոհերից 3-ը չլինեին: Ա. Երիցյանը պատասխանեց, որ վերազինման համար միջոցներ եղել են, հատուկ միջոցներն էլ բավարար են եղել, ուղղակի ոստիկանության համար ֆինանսավորման տեսակետից անսպասելի է եղել, թե Երեւանում այդքան մեծ զանգվածային միջոցառումներ տեղի կունենան:

Սա` իմիջիայլոց:

Երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` 2007-ի բյուջեի կատարողականը բացառիկ է` ցուցանիշների աճով, մանավանդ հարկային եկամուտներն են աննախադեպ աճել, թեեւ տարին եղել է խորհրդարանական ընտրությունների տարի: Կառավարությունը հարկերի հավաքումը նախատեսել էր 0,4 տոկոսով բարելավել, սակայն հարկերի հավաքման մակարդակը բարձրացել է 1,6 տոկոսով: Փաստորեն` բյուջեի շարունակական ապահովման համար բավականին բարձր ձողանիշ է դրված նորակազմ կառավարության համար` պահպանելու անցած տարվա այս ձեռքբերումները. «Եվ չափազանց կարեւոր է, որ պետական բյուջեն ոչ միայն գերակատարվել է, այլեւ հաջողվել է լրացուցիչ ծախսեր իրականացնել, որոնք առաջին հերթին ուղղված են եղել սոցիալապես անապահով խավերին լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտում մենք ունեցել ենք աննախադեպ բարելավումներ ֆինանսավորման առումով:

Մենք պետք է ապահովենք շարունակականությունը, կարողանանք լուծել որակապես նոր խնդիրներ` բիզնես-միջավայրի բարելավման առումով, եւ այդ տեսակետից նորակազմ կառավարությունը քաջ գիտակցում է, որ բավականին լուրջ խնդիրներ են մեր առջեւ կանգնած: Որովհետեւ 2007 թվականին ունենալ բյուջե, որը եկամտային մասով 33 տոկոս աճել է, ծախսային մասով` 32 տոկոս աճ է ապահովել, հասկանալի է, որ նորակազմ կառավարության համար սա լուրջ մարտահրավեր է` այդ նույն լարված աշխատանքը պահպանելու եւ բարձր տեմպեր ապահովելու»: Ըստ վարչապետի` հարկային եւ մաքսային մարմինները, ֆինանսների նախարարությունը պետք է շարունակեն պահպանել հարկահավաքման բարձր տեմպերը, կատարելագործեն հարկային վարչարարությունը` կրճատելով ստվերային տնտեսությունը, բարելավելով դաշտում մրցակցությունը:

Մի քանի հետաքրքրական թվեր, որ վերցրել ենք ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջողազյանի, ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, փոխոստիկանապետ Ա. Երիցյանի, ԱԱԾ փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանի եւ այլոց ելույթներից:

Անցած տարվա բյուջեում տնտեսական աճը 13,7 տոկոս է եղել,` 4,7-ի փոխարեն: Գնաճը պայմանավորված է եղել արտաքին գործոններով եւ կազմել է 6,6 տոկոս: Մեր դրամն արժեւորվել է 16,6 տոկոսով: Միջին աշխատավարձի 20 տոկոս աճ ենք ունեցել: Ավելացման հետեւյալ պատկերը չի կարելի ասել, թե բարենպաստ է տնտեսության համար` 17,5 տոկոսով ավելացել է արտահանումը, 49, 7 տոկոսով` ներմուծումը, դե, ուրեմն շատ պիտի ջանա նոր վարչապետն իր տնտեսական քաղաքականությամբ, որ նորմալ հաշվեկշիռ պահող արտահանում ունենանք: Բյուջեի դեֆիցիտը կազմել է 46,7 մլրդ դրամ, արտաքին պարտքը` 1մլրդ. 449 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 15,8 տոկոսը:

Անցած տարվա բյուջեի կատարողականն առանց արտաքին վարկավորման եւ դրամաշնորհային ծրագրերի` 97 տոկոս է:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությամբ` դրական գործընթացների հետ մեկտեղ, կան նաեւ խնդիրներ. օրինակ` բյուջեի ծախսումների տնտեսումները, ծախսային մասում չորոշակիանալով եւ փոխանցվելով` հաջորդ եռամսյակներ, համակարգման դժվարություններ են ստեղծվում, կանխիկ շրջանառությունը ծախսերում դեռ մեծ է:

Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` պալատի ուսումնասիրությունը ցույց է տվել որոշ շեղումներ` մի քանի խմբերում դրանք թերակատարվել են, մի քանիսում` վարկային ծրագրերի բարձր կատարողականի շնորհիվ գերակատարվել մի քանի անգամ, միջազգային համաձայնագրերով եկող միջոցների շրջանառությունը գանձապետական միասնական հաշվով չի կատարվում: Թերությունները վերաբերում էին օրենսդրական դաշտի կատարելագործմանը, բաց եւ թափանցիկ հաշվետվությունների անհրաժեշտությանը, որոնց դեպքում միայն ՎՊ-ն կարող է եզրակացություն տալ: Մասնավորապես` գնումների մասով 2007 թվականին 193 մլրդ դրամ էր նախատեսված, բայց քանի որ մանրամասն տվյալներ չեն ներկայացված հաշվետվությունում, ՎՊ-ն էլ մանրամասն չի կարողացել եզրակացություն տալ (հետագայում ՎՊ-ն ոլորտային քննարկումների ժամանակ այդ մասին խոսելու է, քանի որ տեսնում է շուկայի գների եւ փաստացի կատարողականների միջեւ զգալի եւ մտահոգիչ տարբերություն):

ԿԲ ներկայացուցչի խոսքից մեզ հետաքրքրեց ԿԲ աշխատակիցների միջին աշխատավարձի ցուցանիշը. 341 հազար դրամ է կազմել` նախատեսված 355 հազարի փոխարեն, 619 աշխատակից ունի ԿԲ-ն:

Ըստ փոխոստիկանապետի` ոստիկանության անցյալ տարվա բյուջեն ամբողջությամբ եւ համաչափ կատարվել է` 19 մլրդ 211,1 մլն դրամ, ԱԱԾ փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը նշեց 11,5 մլրդ. դրամ իրենց անցած տարվա բյուջեն: Իսկ արտակարգ իրավիճակների նոր նախարար Մհեր Շահգելդյանի հաշվետվությունից պարզ դարձավ, որ համակարգի աշխատողների միջին աշխատավարձը դեռեւս ցածր է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4