«Ազգ. Մշակույթ-Հավելված»-ի մայիսի 10-ի համարում հրապարակված պետական գործիչ Անդրանիկ Մանուկյանիՙ արվեստի նկատմամբ սիրո եւ հոգածության ու անհատական նկարներ ունենալուՙ նկարահավաքության նախասիրությունների մասին զրույցն ակտիվ արձագանք ունեցավ ընթերցողական շրջանակում: Ամբողջ աշխարհում տարածված է արվեստի գործերով սեփական թանգարանների միջոցով նպաստել նաեւ տվյալ ժողովրդի ու մշակույթի հարստացմանը եւ զարգացմանը: Նման օրինակները շատ ենՙ այդպես են ստեղծվել «Տրետյակովյան», «Գյուլբենկյան» թանգարանները, Նյու Յորքի «Ուիթնի» թանգարանը (այստեղ է պահպանվում Անդրանիկ Մանուկյանի երազած Արշիլ Գորկու «Նկարիչը եւ իր մայրը» կտավը), կամ հիշենք Փարիզի «Հայկական թանգարանը» եւ ուրիշներ:
Անդրանիկ Մանուկյանի հավաքածուին պատկանող Մինաս Ավետիսյանի «Ճրագով կինը» աշխատանքի փոխարեն վերոնշյալ հոդվածում թյուրիմացաբար ներկայացվել էր Մինաս Ավետիսյանիՙ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվող «Լավաշ են թխում» նկարը:
Արվեստաբան Շահեն Խաչատրյանը վերջերս լույս տեսած «Թանգարանի զինվորը» գրքում անդրադառնում է «Ճրագով կինը» նկարին եւ դրա հետ կապված մի ուշագրավ պատմություն ներկայացնում: Այդպիսի պատմություններով հարուստ են թանգարաններում հանգրվանած շատ նկարներ: Մինաս Ավետիսյանի «Ճրագով կինը» նկարի մասին ահա թե ինչ պատմեց Շահեն Խաչատրյանը. «1971-ին Ամերիկայից Երեւան եկած տիկին Սիմին եղբոր մոտ տեսնելով Մինասի կտավներից, ինքն էլ է ցանկացել ունենալ: Նրա առաջարկը հայտնեցի Մինասին, եւ երեկոյան եղանք նրա արվեստանոցում: Սիմին ուզեց գնել պատերազմական օրերի հուշերից ծնված «Ճրագով կինը» նկարը: Այդ տարիներին Մինասն իր աշխատանքները վաճառում էր ամենից բարձրՙ 200 ռուբլով: Եվ... Սիմին առանց մտածելու համաձայնեց վճարել 2000 ռուբլի:
Օդանավակայանի մաքսային կետից որպես խորհրդատու հաճախ հրավիրում էին թանգարանի աշխատողների, երբեմն էլՙ ինձ: Լավ նկար դուրս տանելու համար պահանջվում էր մշակույթի նախարարության թույլտվությունը: Այդ օրը ես էի ներկա մաքսատանը... Մինասի անունն արդեն որակի երաշխիք էր, եւ համապատասխան գրություն պահանջվեց: Հարեւան սենյակի խոսակցությունները լսվում էին, բայց ինչ-որ մի տեղ սրտովս չէր, որ նման մի գործ դուրս գար Հայաստանից: Սիմին մեկնեց առանց նկարի:
Վերցրի նկարն ու եկա Մինասի մոտ: Լսելով տեղի ունեցածի մասինՙ նկարիչը զարմացած ասաց. «Հիմա ի՞նչ պիտի անենք: Ախր փողի կեսն արդեն բաժանել եմ»: Ես գիտեի, որ Մինասի մոտ երբ փող էր հայտնվում, կարիքավոր ընկերներին էր օգնում: «Ոչինչ, հանգստացրի նրան, Սիմին մյուս տարի էլ է Երեւան գալու, նրան ավելի փոքր նկար կնվիրես»:
Տարիներ անց, Մինասի մահից հետո Ջաջուռում հիմնվեց նրա տուն-թանգարանը. «Ճրագով կինը» ցուցադրվում էր այնտեղ: 1988-ի երկրաշարժից, բարեբախտաբար, այդ գործը չտուժեց: Թանգարանի ցուցանմուշային կիսափուլ պատերի միջով նկարը դուրս բերեցինք եւ փոխադրելով Երեւան, հանձնեցինք պահպանությանՙ Ազգային պատկերասրահ: Հետագայում Մինասի ընտանիքը ստիպված եղավ վաճառել նկարը: Ես հանգստացա, որ նկարը երկրից դուրս չէր եկել. այն ձեռք էր բերել երեւանյան մի նկարահավաք: Այդ մարդն Անդրանիկ Մանուկյանն էր: Նրա հավաքածուից մի նկար տեսանք անցած տարի Ազգային պատկերասրահում կազմակերպված Բաշինջաղյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Չեմ կասկածում, որ Մինասի ծննդյան 80-ամյակին նույնպես տեսնելու ենք «Ճրագով կինը» կտավը:
Նկարներ ունենալը, անկասկած, դրամական հարստությունից ավելին է, իսկ այդ նկարներով թանգարան ստեղծելը եւ հարազատ ժողովրդի մշակույթը հարստացնելը իսկապես երջանկություն է»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ