Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը: Մայիսի 11-ին կայացած հրաշալի համերգը նվիրված էր Հայկական երաժշտական համաժողովին (ՀԵՀ): Համերգային ծրագրում ընդգրկված էին հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք ներկայացրեցին «Լինոս» լարային քառյակը, Նարեկացի կամերային երաժշտական նվագախումբը (գեղ. ղեկ. Արամ Թալալյան): ՀԵՀ-ը նոր ժամանակների եւ նոր տեսակի հասարակական-մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996-ին կոմպոզիտորներ Լեւոն Չաուշյանի, Երվանդ Երկանյանի, Ռուբեն Սարգսյանի, Վահրամ Բաբայանի, Մարտին Վարդազարյանի եւ երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանի ջանքերով: Ավելի ուշ կազմակերպությանը միացան ջութակահար եւ դիրիժոր Վիկտոր Խաչատրյանը եւ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, կոմպոզիտորներ Կոնստանտին Պետրոսյանը, Դավիթ Սաքոյանը եւ Արմենուհի Կարապետյանը: ՀԵՀ-ն իր գլխավոր խնդիրն է համարում ժամանակակից հայ երաժշտության տարածումն ու զարգացումը, ընդհատված կապերի վերականգնումն ու համագործակցումը: ՀԵՀ-ի եւ նրա նախագահ Լեւոն Չաուշյանի հովանավորությամբ եւ կազմակերպությամբ անցկացվել են մի շարք փառատոներ եւ մրցույթներ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների համար:
Մ. Մ.