Երեկ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե ինչ հաջողություններ են ունեցել սունդուկյանցիները Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան թատրոնի բեմում` ներկայացնելով Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման: Սունդուկյանցիները հրաշալի ներկայացրին այդ բարդ ու դժվարին գործը, որը 100 տարի առաջ, ճիշտ այդ օրը վրացերեն լեզվով բեմադրվել էր Ռուսթավելու թատրոնում: Սունդուկյանի բեմում 1939-ին «Պատվի համարը» բեմադրել է անվանի բեմադրիչ, ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդան Աճեմյանը: Եվ ահա, երկար ընդմիջումից հետո, գրողի հոբելյանի առիթով, Վահե Շահվերդյանը անդրադարձավ «Պատվի համարին»ՙ նորովի մատուցմամբ ու երիտասարդ դերասանական կազմով:
«Ազգը» անդրադարձել է մեծանուն գրող եւ վիպասան Շիրվանզադեի ծննդյան150-ամյակի առիթով սունդուկյանցիների հյուրախաղերին եւ այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Պատվի համար» ներկայացումից հետո հնչած գնահատականները: Թբիլիսիի Գրիբոյեդովի եւ «Ազատ թատրոնի» գեղ. ղեկավար Ավթանդիլ Վասիմաշվիլին նշեց. «Հիանալի ներկայացում է: Չնայած որ Վահե Շահվերդյանին վաղուց ճանաչում եմ, նրա բեմադրությունները տեսել եմ Չեխովի անվան եւ Տրապիզոնի փառատոներում, սակայն Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման, ըստ իս, նրա գլուխգործոցներից է եւ հատկապես ուզում եմ նշել, որ նա մեծագույն ռեժիսոր է»:
Գրիբոյեդովի եւ Ռուսթավելու թատրոնների ռեժիսոր Անդրեյ Ենուկիձեն էլ ասաց. «Այս ներկայացումը շատ լուրջ ու բարդ գործ է: Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես է հանդիսատեսին մատուցվում սոցիալական դրաման, ինչ ռեժիսորական հնարքներով ու մոտեցումներով: Այս ներկայացումը դիտելուց հետո մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի Սունդուկյանի թատրոնը նախկին խորհրդային երկրների շրջանում համարվում է լավագույններից մեկըՙ իր նորամուծություններով, համարձակությամբ, բարձր ճաշակով»: Վրաստանի ԹԳՄ նախագահ Գիգա Լորդկիպանիձեն այնքան էր հավանել ներկայացումը, որ ասաց. «Ես պարզապես բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ մեծ բավականություն ստացա նման գեղագիտական բարձր ճաշակով բեմադրված գործից: Դերասանական նման անսամբլ, իրենց գործի գիտակներ, ես պարզապես պետք է ասեմՙ բռավո սունդուկյանցիներ, բռավո հայկական թատրոն»:
Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը շնորհավորելով սունդուկյանցիներին, նշեց. «Ես համոզված եմ, որ այս ներկայացումը երեւույթ կլինի Վրաստանի մշակութային կյանքում եւ երկու երկրների միջեւ համագործակցությունը էլ ավելի դյուրին կդառնա»:
Իսկ հյուրընկալ Ռուսթավելու թատրոնի գեղ. ղեկավար Ռոբերտ Ստուրուան այսպես արտահայտվեց. «Ես ուրախ եմ, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը պահպանել են իրենց դարավոր մշակույթը: Դրա վառ ապացույցը այս հաջողված ներկայացումն էր, որն իր ուրույն լուծումներով, ժամանակակից հնչեղությամբ մեզ ներկայացվեց: Գլխավոր դերակատարները այնպես կարողացան իրենց ուսերին տանել գործի ողջ ծանրությունն ու պատվով դուրս գալ, որ մեզՙ արվեստագետներիս պարզապես հիացրեց: Երբեք որեւէ ներկայացումից հետո մեր բեմի դերասաններին այդքան երկար չեն ծափահարել: Սունդուկյանցիները արժանացան այդ փառքինՙ 20 րոպե հոտնկայս ծափահարություններ ու ես հպարտ ասում եմՙ դուք եկաք ու գրավեցիք մեր թատրոնը, շնորհավորում եմ բոլորիդ»:
Ահա այսպես էին գնահատում սունդուկյանցիներին Թբիլիսիում թե՛ բեմում եւ թե՛ պաշտոնական ընդունելությունների ժամանակ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-Երեւան