Աշխատանքի ու ամենօրյա պարտականությունների, գնաճի ու կյանքի թանկացման մեր օրերում ուրախանալու քիչ առիթներ ունենք, սակայն ինչի՞ կնմանվի մարդը, որ ամիսներ շարունակ հոգսից ու թանկացումից բացի մտորելու եւ զգայական աշխարհը դեպի դրականը շարժունակ դարձնելու առիթներ չունենա: Մեր ամենաթանկ հարստություններից մեկի` անվան համար եկեղեցիներն ու հավատացյալները մի չգրված օրենք են սահմանել` նշել դրանք հավուր պատշաճի, ընդ որում` ոչ միայն ուտուշ-խմուշով, այլեւ մեր անվան ավանդական կրողի ու իրադարձության, մեր կյանքի իմաստավորման առումով:
Անվանակոչության մեր ամենամսյա հիշեցումներն այդ թանկ ունեցվածքի մասին եւս մեկ անգամ մտորելու, նրա արժեքն ու իմաստը գնահատելու մղման փորձեր են, որ գուցե մեր ընթերցողներից ոմանց առիթ տան նշելու իրենց անվանակոչության օրը: Ի դեպ, անվանակոչության օրը սփյուռքում եւ այլ ազգերի մեջ ծննդյան օրվանից առավել կշիռ ու կարեւորություն ունի: Ըստ ձեւավորվող ավանդույթի, այս անգամ եւս եկեղեցական օրացույցն ու տոնացույցը մեզ համար թերթում է Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության գրասենյակի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը:
Եվ այսպես, ընթացիկ` մայիս եւ գալիք հունիս ամիսների նշված օրերում սովորական օրը տոնակատարության վերածելու գեղեցիկ առիթ ունեն հետեւյալ անվանատերերը.
Մայիս
1 | Համբարձում |
18 | Եղիա |
19 | Հռիփսիմե |
20 | Գայանե (այս օրը անվանակոչության է համարվում բոլոր այն աղջիկների համար, ում անունով չկան եկեղեցական հիշատակության օրեր): |
22 | Հովհաննես, Կարապետ, Կարո, Շողակաթ, Շողիկ, Շողեր, Մարինե |
24 | Գրիգոր |
28 | Նունե, Մանե |
29 | Սահակ, Հովսեփ, Սարգիս |
31 | Ներսես, Խադ |
Հունիս
3 | Կոնստանտին, Հեղինե |
7 | Գրիգոր |
9 | Անտոն |
10 | Դանիել, Սեդրակ, Միսակ, Հաբեթ, Աբեթ, Աբեթնակ |
12 | Սահակ, Մեսրոպ, Մաշտոց |
14 | Տրդատ, Աշխեն, Խոսրովիդուխտ |
17 | Զաքարիա |
19 | Եղիսե, Եղիշե |
21 | Պողոս |
29 | Վարդ, Վարդիթեր, Վարդուհի |
Հիշեցում. անվանակոչության օրերը շարժական են` կապված Հարության տոնի օրվա փոփոխման հետ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ