Ընդամենը 113 վայրկյան ռինգում
Նրանք, ովքեր շաբաթՙ մայիսի 10-ի երեկոյան մտադրվել էին հետեւել Սյուզի Քենտիկյան-Մերի Օրթեգա մրցամարտին եւ հեռուստացույցը մի փոքր ուշ միացրին, բաց թողեցին խաղը դիտելու հնարավորությունը: Մրցամարտն ավարտվեց սկսվելուց 1 րոպե 53 վայրկյան հետո, ինչպես գերմանական մամուլը ձեւակերպեցՙ կայծակնային արագությամբ, իսկ այդ ընթացքում Սյուզին երկու անշեղ հարված էր հասցրել մրցակցին, տապալել գետին ու ինչպես Pro Sieben-ի մեկնաբան Մաթթիաս Պրոյսն ասացՙ ապացուցել, որ բռնցքամարտում առաջինն է:
Օրթեգան, անկասկած, ԱՄՆ-ից Գերմանիա իր թռիչքն ուրիշ տեսակ էր ծրագրել: Սյուզին, որ իր ասելով տքնաջան պարապել էր Մոսկվային մերձակա մարզաճամբարներից մեկում, մրցելույթի առաջին վայրկյաններից հարվածների այնքան կենտրոնացած տարափ տեղաց, որ դժվար թե ռինգում որեւէ մեկն ի վիճակի լիներ նրա գործողությունները վերլուծելու, որքան էլ մրցապայքարից առաջ 27-ամյա ամերիկուհու մասին պնդեին, թե նա ուրի՛շ տրամաչափի մարզիկ է:
Գերմանական լրատվական հեղեղը հակիրճ արձանագրեց այն, ինչ մայիսի 10-ին ԳԴՀ բռնցքամարտի պատմությանը պահ տրվեցՙ թեթեւքաշայինների աշխարհի 20-ամյա չեմպիոնուհին պաշտպանեց իր WBA գոտին 6-րդ, իսկ WIBF գոտինՙ 2-րդ անգամ: Killer Queen մականունը կրող Սյուզի Քենտիկյանն անպարտելի էՙ 21 մրցելույթ, 21 հաղթանակ, որից 16-ըՙ նոկաուտով: Պրոֆեսիոնալ ռինգում 41 մրցամարտից 29-ը հաղթանակով պսակած 27-ամյա Մերի Օրթեգան 5-րդ պարտությունը կրեց:
Բայց դառնանք Հալլե-Զաալեի Բրանդբերգե մարզասրահ, ուր բռնցքամարտի 2500 երկրպագուների համար մայիսի 10-ը թեպետ կարճ, սակայն դիտարժան երեկո եղավ, մեկնաբանների համարՙ անակնկալ. ծանր մրցապայքար էին կանխատեսել, իսկ Սյուզին նրանց, ինչպես ասում են, աշխատելու հնարավորությունից զրկեց:
Շոուն մեկնաբանում էր նաեւ Գերմանիայի բռնցքամարտի լեգենդ դարձած Ռեգինա Հալմիխը, ով նկատել տվեց, թե մարզաճամբարում պարապելը երեւի ավելի դժվար է եղել, քան բուն պայքարը: «Ես էլ չգիտեի, որ այսպիսի ընթացք կունենա: Գիտեի, թե միավորներով պիտի հաղթեի, բայց ուզեցի դիպուկ հարված հասցնել եւ այսպես եղավ...», մրցապայքարի ավարտին ուղիղ եթերում խոստովանեց Սյուզի Քենտիկյանը: Հալմիխի այն հարցին էլ, թե խաղից հետո ինչպե՞ս է հանգստանալու, ազատ ժամանակն ինչպե՞ս է տնօրինելու, Adidas-ի սպիտակ կարճ փեշով իր կանացիությունն ընդգծող բռնցքամարտի թագուհին ասաց. «Նախ կարգին պիտի ուտեմ, բայց այնպես, որ չգիրանամ, հետո իհարկեՙ խանութՙ գնումների»:
Հեռուստաէկրանից նորից լսվեցՙ Սյուզին հիշեցնում է Մայք Թայսոնին, իսկ «Բիլդը» վերնագրեց. «Killer-K.o! Սյուզին մնում է բռնցքամարտի մեր թագուհին»ՙ իրազեկելով, թե հմայիչ համբուրգցին այս խաղի հաղթանակից հետո 50 000 եվրո ստացավ: «Նախՙ ոչ թե 50 000, այլ 45, մեզ հետ հեռախոսազրույցում ճշտեց Սյուզիի եղբայրըՙ Միքայել Քենտիկյանը: Նրա ասելովՙ գումարի 30 տոկոսն է տրվում Սյուզիին, 35 տոկոսըՙ մենեջերին, իսկ մնացածըՙ հարկային տարբեր գանձումներն են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա