Ռուս-վրացական հարաբերությունները հերթական փակուղու առաջ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աբխազական հարցը մնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների հիմնական թեման: Եթե նախկինում Ռուսաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություններոմ միմյանց հասցեին բարձրագոչ հայտարարությունների տեղիք էին տվել լրտեսական պատմությունները, վրացական գինու արգելումը ՌԴ-ում եւ այլ թեմաներ, ապա վերջին օրերի համար հատկանշական են դարձել անօդաչու հետախույզ-ինքնաթիռ վնասազերծելու պատմությունները:
Ապրիլյան ինքնաթիռի պատմությունը դեռ քննարկման առարկա էր, երբ մայիսի սկզբին աբխազական իշխանությունները հայտարարեցին եւս երկու նմանօրինակ ինքնաթիռների վնասազերծման մասին: Տեղեկությունը չհաստատվեց, բայց բուռն արձագանքների արժանացավ ինչպես վրացական իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից:
Իսկ այս շաբաթվա սկզբին` մայիսի 12-ին Աբխազիան կրկին հայտարարեց, թե օրվա ընթացքում երկրորդ անօդաչու վրացական ինքնաթիռն է խփվել աբխազական տարածքում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է միջադեպի իրողությունը, պատճառաբանելով, թե այդ օրը վրացական անօդաչու ինքնաթիռները այդ հատվածում թռիչք չեն կատարել:
Ինչեւէ, աբխազական կողմն ընդհանուր թվով արդեն 7 այսօրինակ ինքնաթիռների մասին է հայտարարել, բայց պաշտոնապես Վրաստանը հաստատել է միայն ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպի իսկությունը: Ընդ որում, վրացական կողմն իր հերթին հայտարարում է, թե ապրիլի 20-ի միջադեպի մասնակիցը ռուսական կողմն է:
Միեւնույն ժամանակ, վրացական կողմը չի էլ ժխտում, որ անօդաչու հետախույզ ինքնաթիռներ թռչում են աբխազական տարածքի վրայով` «Վրաստանի անվտանգության խնդիրներից ելնելով»: Ըստ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, Վրաստանը անօդաչու 40 ինքնաթիռ է գնել, եւ եթե հաշվի առնենք, որ այդօրինակ սարքերը մոտ 2 մլն դոլար արժեն, ուրեմն աբխազական կողմի պնդմամբ, արդեն իսկ Վրաստանը միլիոնների վնաս է կրել:
Ու չնայած ոչ միայն Վրաստանը, այլեւ Ռուսաստանն ու Աբխազիան հակամարտության լուծման խաղաղ տարբերակի մասին հաճախ են խոսում, բայց գործնականում շփումներն ու հարաբերությունները բնավ էլ չեն փաստում կողմերի խաղաղասիրական ցանկություններն ու մոտեցումները:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Աբխազիա էր մեկնել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Վերջինս այնտեղ գտնվելու ժամանակ հույս էր հայտնել, որ Աբխազիայի հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա: Այդ հույսերի հետ կարծես առնչություն ունի նաեւ ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի այցելությունը Աբխազիա, սակայն այցելությունն ու քննարկումները Աբխազիայի իշխանությունների հետ անցել են բացարձակապես փակ եւ որեւէ տեղեկություն չի տրամադրվել:
Այս ամենին զուգահեռ, եվրոպական կառույցների դռները թակող Վրաստանին միանում է նաեւ Աբխազիան: Վերջինս ՄԱԿ-ին է դիմել` պահանջելով օբյեկտիվ գնահատական տալ «Վրաստանի անօդաչու ինքնաթիռների թռիչքների» առնչությամբ: Ու մինչ վրացական ու աբխազական կողմերն իրենց տեսակետներն են ներկայացնում միջազգային տարբեր կառույցներում, ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ աբխազական հակամարտության մեջ կողմ է նաեւ Ռուսաստանը: Այս մասին Միացյալ Նահանգներ այցելությունից անմիջապես վերադարձին հիշատակեց նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:
Իսկ Մոսկվան հանում է սահմանափակումները Աբխազիայի հանդեպ, հարաբերություններ հաստատելու ու կանոնակարգելու կոնկրետ ծրագրերի ուղղությամբ աշխատում...