ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու մասին: Վերակազմավորվելու այսպիսի որոշումը նպատակ ունի ներդնողներին ներգրավել Արցախի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերում: Ընդ որում, ընկերության բաժնետեր կարող են դառնալ ինչպես ԼՂՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա գործարարները: Պետության մասնաբաժինը կլինի 50 տոկոսից ավելին, որովհետեւ պետական սեփականություն Սարսանգի ջրամբարը, որի բազայի վրա վերակազմավորվում է ընկերությունը, հիմնական բաժնեմասն է` կազմելով 5 միլիարդ 600 միլիոն դրամ:
Կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանելով որոշման իրական նպատակները, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ նախորդ կառավարության կազմած էներգետիկ ծրագիրը 2001-2010 թթ. ընդգրկումով, այդպես էլ մնացել է թղթի վրա: Առաջին անգամ Արցախում էներգետիկ ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն կտրվի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն բաժնետեր լինելու ընկերությունում: Բաժնետերերի համար սահմանափակումներ չեն լինի, իսկ մեկ բաժնետոմսը կարժենա 10-20 դոլար, որը հասանելի է անգամ թոշակառուներին: Ընկերության եկամուտները չեն դառնա մեկ կամ մի քանի հարուստների սեփականությունը, ստացված եկամուտներից կօգտվեն բոլոր բաժնետերերը: Պետությունն, անշուշտ, վերահսկելու է, որպեսզի «Արցախ ՀԵԿ»-ի գործունեությունը լինի թափանցիկ եւ վստահություն ներշնչող:
Ծրագրի լիարժեք իրագործման դեպքում Արցախում արտադրվող էլեկտրաէներգիան ոչ միայն կբավարարի ԼՂՀ-ին, այլեւ դրա մի մասը կվաճառվի հարեւան երկրներին: Դա միաժամանակ կնպաստի, որպեսզի մի քանի տարի հետո հանրապետությունում գազի սպառման ծավալները նվազեցվեն` փոխարինվելով ավելի էժան էլեկտրաէներգիայով: Այսօր Արցախում, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, մեկ կիլովատն արժե 20 դրամ: Նախատեսվում է առաջիկայում ներդնել էլեկտրոնային հաշվիչներ, որի դեպքում կգործեն գիշերային սակագներ` 15 դրամի սահմաններում: Ի դեպ, դա վերաբերում է նաեւ բնակչությանը:
Արդեն իսկ հիմա, «Արցախ ՀԵԿ»-ում 10 միլիոն դոլարի ներդրման առաջարկ կա արտերկրի մեր հայրենակիցներից մեկից: Վարչապետը չշտապեց բացահայտել տվյալ գործարարի անձը, նկատել տալով, որ դեռեւս վաղաժամ է այդ մասին խոսելը: Նա հույս հայտնեց, որ հասարակության ամենատարբեր շերտերից ընկերության բաժնետեր դառնալու ցանկություն հայտնողները շատ կլինեն, քանզի հեռանկարն, իրոք, գայթակղիչ է:
Էներգազարգացման ծրագիրը կազմված է ավելի քան 20 տարվա համար: Առաջին փուլում կկառուցվեն 5 ՀԷԿ-եր` երեքըՙ Թրղե գետի, իսկ երկուսը` Մատաղիսի ջրամբարի վրա:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ