«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վաղուց ռուսական մամուլում Հայաստանի վերաբերյալ նման ընդարձակ նյութի չէի հանդիպել: Շուքով, հանգամանորեն, գործի իմացությամբ պատմվում էր, որ Երեւանից 10 կիլոմետր հեռավորության վրա` Վերին Պտղնի գյուղի մոտ բացվել է ... «Shangri La Erevan» խաղատունը: Ա՜յ քեզ բան: Սկսում ես կասկածել, թե «Կոմերսանտ» պատկառելի թերթը նման ուշադրություն կհատկացնե՞ր, եթե Կոտայքում սկսեր գործել, ասենք, «Բոինգ» ավիաշինական ընկերության որեւէ գործարան-մասնաճյուղ:

Ես տնտեսագետ չեմ եւ չեմ կարող ասել, թե նման «շքեղափայլ» խաղատունը ինչ դրական դեր կարող է խաղալ Հայաստանի էկոնոմիկայում: Հիշում եմ, մոսկվացի ծանոթ ադրբեջանցիները հայր Ալիեւի մահից հետո փնթփնթում էին, որ եթե գահին նստեց որդի Ալիեւը, ապա նա խաղատանը տանուլ կտա Ադրբեջան երկիրը, այնքան է նա հրապուրված այդ գործով: Բայց տանուլ չտվեց: Ուրեմն այնքան էլ վնասակար բան չէ:

Այդ դեպքում մի այլ տարակուսանք է առաջանում` ի՜նչ է, Վլադիմիր Պուտինը կարճատե՞ս մարդ է, որ թրի մի հարվածով որոշեց փակել երկրի բոլոր խաղատները եւ ստեղծել սոսկ չորս կենտրոն (Լաս Վեգաս): Արդյոք նա ավելի շատ մտածում է անչափահասների ու միամիտ մարդկա՞նց, քան երկրի էկոնոմիկայի մասին: Ահա եւ նրա «անհեռատեսության» հետեւանքով նկատվում է ռուսական կապիտալի արտահոսք այլ երկրներ, այդ թվում` նույնիսկ Հայաստան:

Հոդվածում հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանի իշխանությունները խաղաբիզնեսը պարզապես ուղարկել են չորս «զոնա»: Իսկ ահա Հայաստանի իմաստուն ղեկավարները սոսկ աքսորել են Երեւանից 10 կիլոմետր դուրս: Եվ «Զվարթնոց» տանող օդանավակայանի ճանապարհն արդեն զարդարված է խաղատներով` սեփական Լաս Վեգաս: Դե, ամեն հայ գոնե մի բարեկամ ունի Լոս Անջելեսում` «ի դեպ» արձանագրում է հոդվածագիրը:

Շունչդ կտրվում է, երբ սկսվում է բուն խաղատան նկարագրությունը` 2400 քմ տարածք, այսքան խաղասեղաններ բլեքջեկի, փոկերի, տեխասյան հոլդեմի (ի՜նչ անուններ) համար, այսքան խաղային ավտոմատներ ու բարեր... Երանի չէ՞ր կոտայքցի գյուղացիները այնքան հարուստ լինեին, որ իրենց բոլոր ավելորդ փողերը մսխեին այդ շքեղ ժամանցավայրում: Ինչպես շքեղ չլինի, երբ ճարտարապետները... պրոֆեսորներ են:

Լրագրողը, երեւի անկախ իրենից, չի թաքցնում նախանձը, երբ նկարագրում է հաստատության հանդիսավոր բացումը, որտեղ, թերեւս, չի հնչել միայն զուռնան: «Իսկ չէ՞ որ այս ամենը կարող էր տեղի ունենալ Մոսկվայում», սա ես բառացի են վերարտադրում:

Խաղատան ծախսերը «ախպերափայ» են արել ռուսական շուկայում գործող «Storm International» եւ հայկական «Multi Group» ընկերությունները: Եվ առաջինի նախագահ Մայքլ Բոթչերը «Կոմերսանտի» թղթակցի հետ ունեցած զրույցում «արդարանում է», որ եթե նույնիսկ մոսկովյան «Շանգրի Լայի» շատ աշխատողներ թքել են Մոսկվայի վրա եւ եկել Հայաստան ու շատ գոհ են իրենց վիճակից, ուրեմն ընտրությունը ճիշտ է: Օդը մաքուր է, Երեւանը հիանալի քաղաք է, հայերը մեծ սփյուռք ունեն: Ուրիշ ի՜նչ է պետք խաղաբիզնեսին:

Բոթչերը հույս է հայտնել, որ գործերը լավ կգնան ու ինքը խաղատների հետ մեկտեղ կկառուցի հյուրանոցներ, հանգստավայրեր եւ այլն: Լրագրողը սրտի ցավով է համաձայնում Բոթչերի այն հայտարարությանը, որ ինքը ներկայումս անհրաժեշտ պահին հայտնվել է անհրաժեշտ տեղում, ինչպես 1992-ին` Ռուսաստանում:

«Ազգի» ընթերցողների մեջ այն կարծիքը չստեղծվի, թե ես, որպես մոսկվաբնակ հայ, սրտնեղում եմ Ռուսաստանից Հայաստան կապիտալի «արտագաղթի» համար: Հանգստացնում եմ` ես հայրենասեր մարդ եմ, պարզապես ուզում եմ, որ այդ էկզոտիկ ու հակասական բիզնեսը Հայաստանին ավելի շատ բարիք բերի, քան չարիք:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4