Սյունիքի մարզպետն արդարանում էր
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից երեկ լրագրողները հետաքրքրվում էին իր հանդեպ կատարված ծառայողական քննության մասին: Վերջինս նախՙ խորհուրդ տվեց հարցն ուղղել ծառայողական քննություն անցկացնողներին, բայց «Վերջըՙ ծեծե՞լ եք երեխային, թե ոչ» հարցին պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւէ մեկդ էն կարծիքին եք, որ ես կարող եմ երեխա ծեծել` երեխաների միջեւ ընդամենը կենցաղային վիճաբանություն է եղել, հարթվել է, իմ եւ մյուս երեխայի ծնողի միջեւ մեր երկուսիս հանդիպումից այդպիսի խնդիր չկա, էդ մասին ընդհանրապես մեր տարածաշրջանում այդպիսի խոսակցություն չի եղել, ծառայողական քննությունը նշանակվել է եւ արդյունքները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին»: «Ազատության» լրագրողը պնդեց, որ իր տեղեկություններով, ծեծը եղել է, ծնողները վախեցած են, որ մարզպետը հաշվեհարդար կտեսնի, դրա համար էլ չեն պնդում: «Չեմ կարծում, թե երեխայի ծնողները կարող են էդպիսի վախկոտ լինել», թասիբի գցեց Սուրիկ Խաչատրյանը, «մայրը մտավորական է, նորմալ ընտանիք են, ես կխնդրեի, որ էդ ասեկոսեներին չհավատաք, եւ ուզում եմ, որ հնարավորություն ստեղծվեր, կամ ես տրանսպորտով ապահովեմ` գաք եւ տեղում ծնողների հետ խոսեք»:
Հարցը այլ կերպ հնչեց` ծառայողական քննությունից պարզվեց, որ մարզպետի որդուն են ծեծել, հնարավո՞ր է այդպիսի բան, որ մարզպետի որդուն Սյունիքում ինչ-որ մեկը ծեծի. «Դիմացինի հետ կռվում հնարավոր է նա ավելի ուժեղ լինի` ծեծվի, ինչ կա դրա մեջ, բայց այդպիսի խնդիր չի եղել: Ես ուղղակի խնդրում եմ` որպես մայր, որպես կին (էդ արդեն մեզ էր ուղղված-Մ.Խ.), աղջիկ, երեխաների հետ կապված խնդրում մի քիչ ուշադիր լինեք, մի քիչ էլ օբյեկտիվ լինեք, որեւիցե մեկն իրավունք չունի երեխա ծեծելու, եթե իրար թեթեւակի քաշքշել են, դա չի նշանակում, որ այսօր դա պիտի դառնա հանրապետությունում մեծ հնչեղություն ունեցող հարց»:
Իսկ թե ինչու են մամուլում Ս. Խաչատրյանի անձի հետ կապված այդ կարգի հրապարակումներ լինում` մարզպետն այսպես պատասխանեց. «Պատճառները բերեք փնտրենք էն մարդկանց մեջ, ովքեր չկամեցող են, ովքեր խնդիր ունեն, նպատակներ ունեն, բերեք էդ մարդկանց մեջ փնտրենք, թե ինչու են նման հայտարարություններով հանդես գալիս, չփորձենք վերագրել, որ մարզպետը երեխա ա ծեծել: Ես չեմ կարող էդ մարդկանց անունները տալ, բայց ցանկացած լրագրողի համար պարզ է, թե այդ մարդիկ ով են: Ես կուզենայի էդ մարդկանց հետ էդ հարցազրույցը տանեիք, էդ մարդիկ ուզում են թեմա սարքել...»
Քաղաքական ուժե՞րն են անում, թե բնակիչները, պարզ չդարձավ` ճշտեց լրագրողը. «Քաղաքական ուժերի կողմից, երեւի թե լրագրողների կողմից, քանի որ ես հստակ չեմ կարող ասել, թե ովքեր են, միգուցե ես գիտեմ, թե ովքեր են, բայց...»: Ուրեմն Ձեզ զրպարտե՞լ են, ինչո՞ւ պատասխանատվության չեք կանչում, հարցրին. «Թերթերն էլ համոզվեցին, կառավարության հանձնաժողովն ա համոզվել, ամեն անգամ` ես արդեն հոգնել եմ: Ովքեր ինձ ճանաչում են` համոզված են, ովքեր էլ ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, դա արդեն իրենց գործն է»: Իսկ մարզի բնակիչները վախենո՞ւմ են մարզպետից. «Դուք էլ եք համոզված, որ էդ վախի պահը արդեն անցել ա շատ վաղուց, էսօր ոչ մեկից չեն վախում: Ամենահզոր մարդու դեմ սրանից 10-15 տարի առաջ էլի գրում էին, էսօր հայ ազգի մեջ չեմ կարծում, որ կան վախկոտներ, ամեն մարդ էլ իրավունք կա իր կարծիքը հայտնելու, բերեք էդ վախի պահը` սյունեցին վախկոտ չէ, սյունեցին ոչ մեկից չի վախենում...», եւ այդպես շարունակ: Նա նաեւ ավելացրեց, որ այս ամբողջը մի երկու կուսակցական ճիվաղի ձեռքի գործն է. ո՞ւմ եւ ո՞ր կուսակցության` չհստակեցրեց. «Էդ երեխան էլ տուժած չէ, ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ երեխան տուժած է, ես չգիտեմ ձեր ցանկությունը ո՞րն է, բայց ուզում եմ այդ հարցը հստակեցնելՙ էդ երեխան ծեծված չէ, վնասված չէ...». հարցազրույցն այս ոգով երկարում էր, շարունակությունը չլսեցինք:
Ընդամենն ավելացնենք` ոչ մի հետաքննություն չի կարող մարդուն փրկել հասարակական կարծիքից:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ