Երեկ ԿԸՀ-ն Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ համամասնական ցուցակով գրանցեց որպես ԱԺ պատգամավորի` գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Արմեն Դանիելյանի փոխարեն: Ի դեպ, մանդատը վայր դրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն արդեն տրամադրվել է խորհրդարան գալ Աբովյանի հիվանդանոցի տնօրեն Ռուբիկ Հարությունյանը: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` այդ տրամադրվելը դեռ քիչ է, այդպիսի որոշում պետք է կայացնի Գագիկ Ծառուկյանը: Իսկ նրա որոշումը կարող է նաեւ բոլորովին ուրիշ լինել: Այդ որոշման համար ժամանակ կա. ըստ օրենքի` պատգամավորի մանդատը վայր դնելուց 15 օր հետո այդ վայր դնելն ընդունելի է դառնում: Ասվում էր, որ այդ ժամկետը երեկ պիտի լրանար, սակայն ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «Ազգին» տեղյակ պահեց, որ այդ 15 օրը հաշվվում է շաբաթ-կիրակիները հանած, այնպես որ ԲՀԿ-ն դեռ ժամանակ ունի որոշելու` ո՞ւմ ուղարկի խորհրդարան, Վահե Հովհաննիսյանն էլ զղջալու ժամանակ ունի: Բոլոր դեպքերում արդեն որոշվել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում Վահե Հովհաննիսյանի փոխարեն պատվիրակության անդամ է դառնալու Նաիրա Զոհրաբյանը:
Մ. Խ.