«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ԽՆԱՅԻՐ ԲՅՈՒՋԵԴ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2007 թվականի բյուջեի կատարողականի (ընդհանրապես վերջին տարիների բյուջեների կատարողականների) քննարկումը մի տեսակ կարծես ֆորմալ բնույթ ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ նախորդ տարվա բյուջեն որեւէ անգամ չհաստատվի, սակայն գործնականում հատկապես անցյալ տարվա բյուջեի կատարողականին այդպիսի բան չի սպառնում. նախ դա երկու վարչապետների` Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի բյուջեն է, նրանցից մեկը չկա, մյուսը նախագահ է դարձել, բացի այդ, անգամ եթե այդ բյուջեն բացասական վերաբերմունքի էլ արժանանար` կառավարություն է փոխվել, բացասականը հին կառավարությանն էր վերաբերելու, այնպես որ նոր կառավարությանը այդ կատարողականի հետ կապված որեւէ վտանգ չի սպառնում: Էլ չասած, որ վերջին երկու կառավարությունները խորհրդարանում մեծամասնություն ունեն եւ անգամ կարող են քննադատված կատարողականի վստահությունը ստանալ: Մեզ մնում է այս օրերին ԱԺ հանձնաժողովներում հնչող թվերի փայլն ու շռինդը գնահատել, մարզպետներից առ կառավարությունն ու Ազգային ժողովը հնչող շնորհակալությունները լսել` մեկ-մեկ թվերի հետեւում թաքնված գաղտնիքներին ականջալուր լինելով եւ դրանցով անալոգներ անելու «հաճույքը» վայելելով:

Եվ այսպես` ԱԺ մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստի թվերի ցուցահանդեսից մենք քանի որ հաշվետվություն գրել պարտավոր չենք, հնարավորություն ունենք ներկայացնելու դրանցից մեր ուշադրությունը գրավածները եւ դրանց շուրջը մի քանի տուրեւառումներ: Երեկ մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ մի շարք մարզպետներ, իրենց բաժին հատկացումները լավագույնս ծախսելով, այնուամենայնիվ ձեռքի հետ մի քանի մլն դրամի խնայողություն են արել:

Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրինք` էդ մարզերում խնդիրներ չկա՞ն, որ խնայած միջոցները դրանց վրա ծախսեն, թե՞ օրենքը թույլ չի տալիս այդ խնայողությունները վերաբաշխել. «Խնդիրներն անսպառ են, եւ ոչ միայն մարզերում, բայց դա չի նշանակում, որ բյուջեում չի կարող տնտեսում լինել, եւ այդ միջոցներն օրենքով սահմանված կարգով, տարին ավարտվելուց հետո որպես ազատ մնացորդ վերադարձվում են պետական բյուջե, գործող օրենքով է դա»: Բայց, շարունակեցինք, օրինակ` Արագածոտնի մարզը 21 մլն դրամ է խնայել, որով, ասենք, 21 հարց կլուծվեր... Այս միտքը Ջանջուղազյանն ընդհատեց` հարցը տեղին չէ, որովհետեւ հարց լուծելը ոչ թե հանկարծակի է որոշվում, այլ դրանք լուծելու համար այդ հարցերը դրվում են բյուջեում, բյուջետավորվում են, եւ տարվա ընթացքում կատարվում են այն հարցերը, որոնց համար սահմանվել է բյուջեն: Կարելի՞ է ասել, որ խնայողությունը վերեւից խրախուսվում է, դրա համար են հակված խնայելու. «Ոչ, խնայողությունը ոչ թե խրախուսվում է, այլ խնայողությունն առաջանում է արդյունավետ աշխատելու արդյունքում: Եթե ծրագիրը կատարված չլինի, բայց փող ավելացած լինի, դա ոչ միայն չի խրախուսվում, այլեւ քննադատվում է», ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Դե որ այդքան արդյունավետ են աշխատում` մեր ուզած մարզում ինչն է շատ` չլուծված խնդիրները կամ էլ` միշտ կարելի է այնպիսի ծրագիր դնել, որ մի լավ տեղավորվի ակնկալվող բյուջեում եւ մի բան էլ մնա: Ինչքան որ լսեցինք` մեր մարզպետների մի մասն այդպիսի խնայողություն արել էր. օրինակ` Արմավիրի մարզպետը 23 մլն դրամ էր տնտեսել, Գեղարքունիքի մարզպետը` 14 մլն դրամ, իմաստ չունի շարունակել-թվելը, որովհետեւ գոնե Գեղարքունիքի մարզի Սեւանի արեւելյան ավազանի սահմանամերձ գյուղերի աղքատությունն ու խնդիրները հիանալի գիտենք, օրինակ` Փամբակում գլխներին սեփական կտուր չունեցող ընտանիքներ կան` նրանց խնդիրները կարելի էր լուծել, նույնը Արեգունի, Ջիլ եւ մյուս գյուղերը` ամեն մեկին մի տրակտոր առնեիք: Բայց երեւում է, բյուջեի մասին օրենքն ուրիշ խորհուրդ ունի` ավելի լավ է խնայել ու վերադարձնել, գուցե գլուխ շոյեն:

Վերադառնալով ուրիշ հետաքրքրական թվերի` մի քանիսը նշենք: Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը 401, 5 մլն-ից ավելի են: Նախագահի ֆոնդը` 100 մլն դրամ ծախսվել է ամբողջովին, 100 մլն դրամ նախագահական գումարներից հատկացվել է ՀԿ-ներին որպես աջակցություն, 100 մլն` ծխելու դեմ պայքարի վրա է ծախսվել` ինչ փողեր են, չէ՞, եւ ում են հասել տեսնես: 305 մլն դրամ անցած տարի պետք է եկել ՍԴ-ի պահպանման ծախսերի համար (այստեղ 67-68 տոկոս կազմում է աշխատավարձը), գումարած 28,4 կապիտալ նորոգման ծախսերը: Ազգային ժողովի աշխատակազմին հասանելիք 2 մլրդ 322 մլն-ից փաստացի ծախսվել է 2 մլրդ 121 միլիոնը: Երբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց` արդյոք հնարավոր չէ՞ր այդ խնայողությունների համար վճարել չվճարվող օգնականներին, հին համակարգիչները փոխել նորերով, պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար սեմինարներ կազմակերպել եւ այլն, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը նկատեց, որ օգնականներին վճարելու համար նախ օրենքը պետք է փոխել, աշխատավարձի տնտեսումն էլ թափուր հաստիքների եւ գործուղման պակաս ծախսերի հետեւանք է: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե ախր որպես օգնական ում ասես ընդունում են, ԱԺ միջանցքներում անհասկանալի կրթվածության եւ պահվածքի ինչ-որ երիտասարդներ են թափառում, որոնք իբր օգնականներ են, նախ պետք է չափորոշիչներ լինեն, որոնց համապատասխանեն օգնական անվանվածները, հետո նրանց վճարման մասին խոսք գնա: Ըստ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանի` կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերը 1 մլրդ 214 մլն դրամ են եղել, 99 տոկոսով կատարվել են: Դատախազության շենքերի պահպանման, դատախազության մասին օրենքի ներդրման, աշխատավարձերի եւ փորձագետների վճարումը պետության վրա նստել է 2,5 մլրդ դրամին մոտ գումար:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքից ներկայացնենք հասարակության լայն զանգվածին հետաքրքրող թվերը. մետրոպոլիտենի սուբսիդավորումը կազմել է 909 մլն դրամ (100 տոկոս կատարողական), միջին եւ խոշոր ուղեւորատար տրանսպորտի ներկրման համար նախատեսված է եղել 994 մլն դրամ, սակայն ծախսվել է 446 մլն-ը, որոնցով մեծ ավտոբուսներ են ներկրվել (Երեւանում այժմ 200 ավտոբուս է աշխատում), մնացած տրանսպորտային միջոցները ներկրվել եւ ներդրվել են մասնավոր ներդնողների հաշվին: Երեւան քաղաքապետարանի հատկացումների ընդհանուր կատարողականը 92,6 տոկոս է, այստեղ եւս մնացածը խնայողություններ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4