Ալեքսանդր Սահակյանը երաժիշտ է: Նրա օժտվածությունը բնատուր է, թառահար հորիցՙ Հովիկ Սահակյանից ժառանգած: Ինքն էլ թառ է նվագում: Եվ գործիքի մասին խոսելիս ոգեւորվում է ու ներկայացնում այն որպես կենդանի էակ, որը վերաբերմունք ու զգացմունք է արթնացնում. «12 լարանի գործիք է եւ լավ վարպետի ձեռքում կարող է հնչել որպես նվագախումբ: Այդպես էր հնչում Սողոմոն Սեյրանյանի, Բալա Մելիքյանի ձեռքում»:
20-ամյա երիտասարդն ինքն էլ ձգտում է հասնել կատարողական արվեստի այդ բարձրակետին եւ ջանք չի խնայում, համապատասխանաբար ձեռքբերումները հաճախական են: Երեւանում անցկացվող հայկական ժողովրդական երաժշտության եւ անհատ կատարողների ամենամյա մրցույթում, որին մասնակցում են վարպետ կատարողներ, Ալեքսանդր Սահակյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի: Որեւէ մրցույթից չի հեռացել առանց պատվոգրի կամ խրախուսական դիպլոմի: Համերգների ժամանակ էլ Ալեքսանդր Սահակյանի կատարումները հանդիսատեսին չեն թողել առանց հուզմունքի: Հենց այդպիսի համերգներից մեկում էլ շվեյցարացի արվեստաբանը երիտասարդ երաժշտին հրավիրել է համերգների, բայց Ալեքսանդրը հայրենի բանակում ծառայելու խնդիր ունի, որը ամեն տեսակ համերգ ու ծրագիր ապագային թողնելու պարտադրանք է: «Անհատ կատարողներինՙ երաժշտին խորհուրդ չի տրվում ֆիզիկական աշխատանք կատարելՙ մկանները կոպտանում են, ինչը խանգարում է կատարողական վարպետությանը: Ծառայելուն դեմ չեմ, բայց այնպիսի պայմաններում, որ այդ երկու տարին իմ կատարողականության զարգացումը չընդհատիՙ նվագարանն էլ կենդանություն եւ պահանջներ ունի», անկեղծորեն ասաց Ալեքսանդրը, որը նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբերենի բաժնի ուսանող է:
Նրաՙ որպես երաժշտի հաջողություններն առավել քան նկատելի ենՙ Ալեքսանդր Սահակյանին վստահել են մասնակցել հայ-ֆրանսիական մշակույթի օրերի շրջանակում ՀՀ ազգային պատկերասրահում կայացած համերգին: Մինչդեռ ընդամենը 5 տարի է, ինչ գործիքը ձեռքն է առելՙ երբեք նրանից չհրաժարվելու մտադրությամբ. «Մանկուց լսել եմ թառային երաժշտություն: Այդ գործիքի հնչողությունը շատ հոգեհարազատ է ինձ: Հայրս պրոֆեսիոնալ երաժիշտ էՙ թառահար, վարպետի կոչումով: Հենց նրանից եմ ստացել երաժշտական գիտելիքներս ու կարծում եմՙ նրանից լավ հազիվ թե որեւէ մեկը կարողանար կրթել թառահարի»: Ալեքսանդրը Հովիկ Սահակյանի միակ թառահար աշակերտը չէ: Արդեն մեկ տարի է, ինչ վարպետ երաժիշտն անվճար դասընթացներ է վարում երաժշտական ընդունակություններ ունեցող պատանիների, երիտասարդների համար, նրանց հաղորդում թառահարին անհրաժեշտ գիտելիքներ ու հղկում վարպետության հասցնելու կատարումները:
Ազգային նվագարանների հանդեպ մարող հետաքրքրության ֆոնին խիստ կարեւոր գործ է կատարվածը, ու թերեւս ոչ պակաս կարեւոր է արդեն իսկ որոշակի վարպետության հասած երիտասարդ երաժշտին առավել վարպետանալու հնարավորություն տալը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ