Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովի գնահատականով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հնարավորություն ունի տարածաշրջանում առաջատարը դառնալու: Ըստ նրա` «Ոսկե ծիրան»-ն առավել հեղինակավոր է, քան Թբիլիսիի եւ Բաքվի կինոփառատոները: Բաքվինը տեղական է, այն ցույց է տալիս մի քանի կինոնկար, ոչ մեծ քանակությամբ հյուրեր են լինում, չի դրվում փառատոնի լայն տարածման` միջազգային մասշտաբների վերածելու խնդիր: Թբիլիսին նման խնդիր ունի, բայց քաղաքական զարգացումների պատճառով ավելի դժվար է դրան հասնելը: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», ապա, Կիրիլ Ռազլոգովի կարծիքով, այստեղ ճիշտ է ընտրված զարգացման մարտավարությունը. այն զարգանում է` հիմնվելով միջազգային կինոփառատոների նախագծերի վրա: «Փառատոնն իրեն միանգամից դրսեւորում է որպես միջազգային, նրա` աշխարհում ունեցած համբավը հնարավոր է նույնիսկ ավելի բարձր է, քան Հայաստանի ներսում: Իսկ պատճառն այն է, որ արագ է ընդունում այն երեւույթները, որոնք ծնվում են միջազգային փառատոնային շարժման մեջ»,- «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է արվեստաբանության դոկտոր, պրոֆեսորը: