Երեկ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսով բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը, որը կրում է «Կարոտ» խորագիրն ու կտեւի մինչեւ մայիսի 19-ը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, ցուցահանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, կլինեն կինոցուցադրումներ, նաեւ հայկական խոհանոցի մրցույթ: Մայիսի 14-ին Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կկայանա Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Փառատոնի գլխավոր իրադարձությունը Կրեմլի պալատում մայիսի 15-ին կայանալիք գալա-համերգն է լինելու: Նույն օրը Մոսկվայում կբացվի ճանաչված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հուշատախտակը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վստահեցրել է, որ փառատոնը կդառնա ամենամյա. «Նման միջոցառումները միավորում են ժողովուրդներին, եւ դրանք կարեւոր են ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլեւ բոլոր ռուսաստանցիների համար»:
Մ. Մ.